Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը A1+-ի եթերում հայտարարել է, որ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Ըստ Ալումյանի, Հարությունյանը, նախքան Քոչարյանի կողմից պաշտպանության նախարար նշանակվելը, ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղացրել։
«Ոչ ոք չէր կարող այդ ժամանակ ենթարդրել, որ այդ մարդը (նկատի ունի Միքայել Հարությունյանին), որը այդ պաշտոններ է զբաղեցրել, այդպիսի խնդիր կարող էր ունենալ», – ասել է Ալումյանը։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների, Մ.Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ստացել է դեռ 2003թ.: ՀՔԾ-ն 2018թ. դեկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ ՌԴ իրավապահ մարմիններից ստացել է Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ հարցման պատասխանը: Սակայն ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն: ArmLur.am-ի տեղեկություններով` երկրորդ հարցման պատասխանը դեռ չի ստացվել: