ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական որոշումը կփոխվի. ինչ է սպասվում փոխմարզպետներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզպետարանների աշխատանքի թեման շարունակում է մնալ ակտուալ: Օրեր առաջ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կապված փոխմարզպետների քանակի եւ, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։

Նա գրության մեջ փաստում է, որ մարզպետների թիվն արդարացված չէ, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները։ «Այսպիսով, առաջարկել եմ կրճատել մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով` յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն 1 տեղակալ», – իր գրության մեջ նշել է Մարուքյանը:

Նշենք, որ 2003 թվականին` քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ է որոշվել Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թվի ավելացման հարցը, որպեսզի եթե, օրինակ, մարզպետը ՀՀԿ-ական է, ապա փոխմարզպետը լինի կոալիցիա կազմած մյուս ուժերից: Այսինքն՝ իրականում քաղաքական համակարգն ուռճացվել է արհեստականորեն` քաղաքական նպատակներից ելնելով, կոալիցիոն գործընկերներին պետական պաշտոններով ապահովելու համար: Եվ մինչեւ այժմ էլ այդ հաստիքներում նշանակումները կատարվել են այդ տրամաբանությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով տվյալները, պարզեց, որ այժմ 1-ի փոխարեն յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ: Մասնավորապես, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրին պետական բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ եւ այլն: Այսինքն՝ փոխմարզպետները ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս են:

Հետաքրքիր է, որ Էդմոն Մարուքյանը նման բովանդակությամբ մի գրություն էլ ուղարկել էր դեռ 2.5 տարի առաջ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն կառավարությունն այդ ժամանակ կրճատումներ չկատարեց: Ստացվում է, որ ժամանակին այդ հատիքներն ավելացվել են ոչ թե գործառույթներն ամբողջովին կատարելու, լավ աշխատանք ունենալու համար, այլ միայն քաղաքական նկատառումներից ելնելով:

Նշենք, որ սովորաբար պատգամավորների գրություններին պատասխան է տրվում 15-օրյա ժամկետում, սակայն մարզպետարանների աշխատանքում փոփոխություններ անելու, նաեւ հաստիքների քանակի վերաբերյալ նախագծեր եւ մտադրություններ դեռ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուներ նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն վերանշանակվել է այդ պաշտոնին: Նա մշտապես խոսել է մարզպետի դերի փոփոխության անհրաժեշտության մասին:
Այժմ էլ մշակված է մի նախագիծ, որն էլ հենց վերաբերում է մարզպետարանի աշխատակազմի կրճատմանը: Խոսքը մոտ 30-40 տոկոսի մասին է, եւ այն շուտով պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Նա մեզ հետ զրույցում միանշանակ կիսեց այն մոտեցումը, որ երեք փոխմարզպետ ունենալու որոշումը ավելորդություն է, շռայլություն: «Եվ մենակ փոխմարզպետների մասին չէ խոսքը, այլ նաեւ մարզպետարանների: Իսկ փոխմարզպետների մասով միանշանակ ճիշտ որոշում է, որովհետեւ կարելի է ասել` դրանք ավելորդ հաստիքներ են: Մեկ փոխմարզպետի լավ աշխատանքի դեպքում որեւէ խնդիր չի առաջանա», – նշեց Սարուխանյանը` ընդգծելով, որ իր մարզպետ եղած ժամանակ նա ունեցել է երեք փոխմարզպետ, որոնք աշխատել են ոլորտային բաշխվածությամբ:

Իսկ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի` մարզպետարաններում կրճատումներ անելու որոշմանը եւ հարցին` արդյոք աշխատակազմն ուռճացված է` նախկին մարզպետը պատասխանեց. «Մարզպետարաններում իսկապես ուռճացված հաստիքներ կան: Ասեմ, որ հիմնական ուռճացված հաստիքները տեղակալների մասով են. վարչության պետն ունի տեղակալ, աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ եւ այլն: Միանշանակ կողմ եմ կրճատումներին»:

Հավելենք, որ փոխմարզպետների մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 380 հազար դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս