Ինչու է պարգևատրվել մարզպետի խորհրդականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը:

Ինչպես հայտնի է, նա, անցած տարվա դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ, մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում` իրեն, պարգեւատրել է 104.5 տոկոս դրույքաչափով` կանոնադրության մեջ գումարի չափը չնշելով: Անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը` խնդրահարույց, ինչի հետ կապված նախարարը մարզպետի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրա խոսքերով` օրենքն արգելում է վերադարձնելը. եթե անգամ ցանկանա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի:

Պարզվում է, որ Արարատի մարզպետարանում պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը, որն այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա հունիսի 13-ին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բաղիրյանի հետ:

-Դուք նույնպե՞ս պարգեւատրվել եք:

-Այո, պարգեւատրվել եմ:

-Դարձյալ աշխատավարձի՞ չափով…

-Չեմ հաշվել, հնարավոր է:

-Պարո՛ն Բաղիրյան, որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը:

-234 հազար դրամ:

Այսինքն` 234 հազար դրամի չափո՞վ եք պարգեւատրում ստացել:

-Մի փոքր ավելի…

-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք տվել: Արդյոք այնպիսի խորհուրդներ եք տվե՞լ, որ մարզը զարգացել է, բարգավաճել:

-Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ աշխատանքը, բայց կարծում եմ` այո:

-Դուք Ձեզ արժանի՞ եք համարում այդ պարգեւատրմանը:

-Այո, այն դեպքում, երբ ամբողջ անձնակազմը պարգեւատրումից օգտվել է:

-Պարո՛ն Բաղիրյան, հետաքրքիր է` ի՞նչ խորհուրդներ եք տվել: Խնդրում եմ, կնշե՞ք մեկ, երկուսը, որոնք մարզի համար դրական ազդեցություն են ունեցել: Ինչո՞վ եք օգնել մարզի աշխատանքին:

-Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ, աշխատում եմ ամենաօպտիմալ, ճիշտ տարբերակներով օգտակար լինել:

-Ի՞նչ թեմա են Ձեզ հետ քննարկում, ո՞ր ոլորտի մասին:

-Ներքաղաքական, մասնավորապես…

-Դա ինչո՞վ է օգնել մարզին, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ: Խորհրդարանական ընտրությունների՞ համար եք աշխատել…

-Հա… ուզում եմ մասնավոր օրինակներ մտաբերել, բայց իմ համար դժվար է:

-Այսինքն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, օգնե՞լ եք կուսակցությանը…

-Պատահել է, պատահել է… Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել եւ երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել:

-Ասում եք` ներքաղաքական բնույթի խորհուրդներ եք տվել մարզպետին, գուցե ընտրություններին աշխատելո՞ւ համար եք պարգեւատրվել:

-Ոչ: Եթե Դուք նկատել եք, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները այդ պարգեւատրումը ստացել են: Աշխատակազմն էլ է ստացել, այնպես չէ, որ բացառություն է արվել: Ես չեմ կարծում, որ դա ճոխություն է, որեւէ այլ ծրագրից չի հանվել, կտրվել, ֆոնդի տնտեսում է եղել, որն Ամանորից առաջ բաշխվել է: Գուցե 4.5 տոկոսը վիճելի է համարվում. օրենքը, հավանաբար, վստահ չեմ, միգուցե թույլ չի տալիս 100 տոկոսից ավելին: Եթե այո, ապա հետ վերադարձման մեխանիզմ կգտնվի:

-Իսկ պարգեւատրումների վերաբերյալ այս խոսակցություններից հետո մարզպետարանում խորհրդակցություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:

-Պաշտոնապես նման բան տեղի չի ունեցել, անձնապես չեմ մասնակցել, մարզպետի որոշումն է եղել պարգեւատրելը:

-Իսկ ոչ պաշտոնակա՞ն…

-Միգուցե եղել է, ես անձամբ չեմ մասնակցել նման խորհրդակցության:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս