Հաստատ շատերից ավելի լավ կարող եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց դա իմ տեղը չէ. Արտյոմ Մարկոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավար, դերասան եւ հումորիստ Արտյոմ Մարկոսյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, նախասիրություններն ու սովորությունները: Արտյոմը պատմել է իր մասին լսած ամենազվարճալի բամբասանքի, կյանքից քաղած իր դասերի եւ երջանկության իր գրավականի մասին:

-Արտյո՛մ, շարունակե՛ք միտքը. «Մենք չենք ընտրում՝ որտեղ ծնվել կամ երբ, բայց…»

-Չեմ լրջացնի, հումորով պատասխանեմ. բայց չորս-հինգ տարին մեկ հնարավորություն ունենք գնալ ընտրությունների (ծիծաղում է):

-Կյանքը լիարժեք ապրելու համար Ձեզ հարկավոր է…

-Երջանիկ լինել, իսկ դրա գրավականը սերն է:

-Ձեզ միշտ հարկավոր է գոնե մի փոքր ժամանակ…

-Ապրածս կյանքը, սխալներս վերլուծելու համար: Առանց վերլուծելու չես կարող ապրել, առանց ապրելու էլ չես կարող վերլուծել:

-Հասարակական կարծիքին որքանո՞վ եք նշանակություն տալիս: Ձեզ համար որքանո՞վ է կարեւոր, թե ինչ կասեն կամ կմտածեն ուրիշները:

-Այնպես չէ, որ ինձ համար ամենակարեւորը հասարակական կարծիքն է, բայց դրա հետ հանրային անձինք հաշվի չնստել չեն կարող: Պետք է մի փոքր նշանակություն տալ դրան` միեւնույն ժամանակ չդառնալով այդ կարծիքի գերին: Դա արդեն հիմարություն կլինի:

-Կա՞ մի ատրիբուտ, աքսեսուար, որը միշտ Ձեզ հետ է:

-Խաչս: Ես ինձ համարում եմ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ:

-Երբեք չեք հրաժարվի սուրճի՞ց, շոկոլադի՞ց, թե՞ լավ անեկդոտից:

-Երբ աշխատում ես հումորի ասպարեզում, անեկդոտներից, օրինակ, հոգնում ես. թվարկվածներից միանշանակ սուրճն է, որ որ պահին էլ մատուցեն, չեմ հրաժարվի:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե մարդուն չես կարող օգնել…»

-Գոնե մի՛ խանգարիր, մի՛ վնասիր:

-Ֆիլմ, որը որքան էլ ցուցադրեն, կդիտեք, չեք հոգնի:

-Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործության մոտիվներով համանուն ֆիլմը:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե մի օր մուտք գործեմ քաղաքականություն…»

-Հուսով եմ՝ ոչ մի օր մուտք չեմ գործի քաղաքականություն, դա իմը չէ: Ես հաստատ շատերից ավելի լավ կարող եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց դա իմ տեղը չէ:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Շուրջ տասը տարի առաջ էր՝ ես ու ընկերս մեր կանանց հրավիրել էինք ռեստորան, հաճելի երեկո էինք անցկացրել: Դրանից հետո ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկին զանգահարել էին, ասել էին. «Բա գիտե՞ս՝ Արտյոմին ենք տեսել մի տղու ու իրենց սիրուհիների հետ, չի էլ ամաչում, ամուսնացած տղա է, էդ ո՞նց է իրեն պահում»: Ինձ հարազատ այդ մարդը գիտեր, որ ես կնոջս հետ եմ եղել, ծիծաղելով զանգեց ինձ, պատմեց, թե ինչ են խոսում ուրիշները, իսկապես շատ զվարճալի էր:

-Տարիների հետ հասկացել եք, որ…

-Շատ եմ նվիրվել անարժան մարդկանց, շատ ժամանակ եմ վատնել անկարեւոր երեւույթների վրա…

-Մեկ բառով կասե՞ք՝ ինչպիսին եք սիրո հարցում:

-Բուռն:

-Շարունակե՛ք միտքը. «Կնոջը պետք չէ զայրացնել, այլապես…»

-Դու ավելի կզայրանաս, եւ ավելի վատ կլինի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի կարողանա պահել տղամարդու սերը:

-Մեկ հատկությունը բավարար չէ, կոմպլեքս հատկություններ են պետք՝ խելք, ինտելեկտ, հոգատարություն, անմնացորդ սիրելու կարողություն: Կինը պետք է կարողանա ընդունել տղամարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, չպետք է փորձի փոխել նրան:

-Համաձա՞յն եք, որ մտքերն են կառավարում մարդկանց:

-Ինչ-որ չափով` այո: Երբեմն մարդիկ շատ են խորանում անպտուղ մտքերի մեջ, իսկ դա լավ տեղ չի տանում: Մտքերն էլ պետք է կարողանալ «դարակների մեջ դնել», զատել պետքականն անպետքից:

-Ո՞րն է կյանքի լավագույն նվերը Ձեզ:

-Հենց ինքնին կյանքը, որ Աստված պարգեւել է ինձ:

-Եվ վերջում, իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Բոլորն էլ դուր եկան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս