ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանից եկած հայազգի գործարարին գյուղատնտեսության նախարարությունը թողել է անորոշության մեջ. նա դիմում է Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել գյուղատնտեսության մասնագետ Արթուր Օհանջանյանը: Նա երկար տարիներ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ թավշյա հեղափոխությունից հետո որոշում է կայացրել գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում եւ Արցախում: «Վերջին անգամ Հայաստանում եղել էի 15 տարի առաջ: Այս անգամ եկա, ամեն ինչ դուր եկավ, նաեւ իշխանություն է փոխվել, եւ ցանկացա օգնել հայրենիքին», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Օհանջանյանը:

Գյուղատնտեսական գործունեությամբ եւ սերմերի մշակմամբ զբաղվող Օհանջանյանն արդեն եղել է Հայաստանում եւ Արցախում, հանդիպում ունեցել համապատասխան պաշտոնյաների հետ, սակայն այս կոնտեքստում հետաքրքիր են հատկապես նրան տրված պատասխանները: «Արցախում հանդիպել եմ Գյուղատնտեսության նախարարին, որոշել ենք բերել հացահատիկի սերմեր եւ փորձել, թե ինչպես կաճի, ինչ կլինի», – մեզ հետ զրույցում փոխանցեց գործարարը:

Իսկ, ահա, Հայաստանում գյուղատնտեսության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածության հասնել այդպես էլ չի ստացվել: «Հանդիպել եմ գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Պետրոսյանին, զրուցել ենք, սակայն պատասխան չեմ ստացել վերջնական: Ինձ ասացին` հարցը բարդ է, քանի որ կառավարությունն ամբողջովին կազմավորված չէ, եւ այլ հարցեր կան», – նշեց նա` ընդգծելով, թե չի կարողացել հանդիպել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա իր զարմանքն արտահայտեց այդ առումով եւ հույս հայտնեց, թե կառավարության վերջնական ձեւավորումից հետո իրեն կհաջողվի հանդիպել ոլորտի ներկայացուցիչներին եւ վարչապետին: Ընդգծենք, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները մշտապես խոսում են ներդրումների կարեւորության, ներգաղթի մասին եւ այդպիսի կոչեր հնչեցնում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին: Եվ փաստացի 1987 թվականից Հայաստանում չապրող Արթուր Օհանջանյանը ընդունել է այդ կոչը եւ եկել` փորձելով ներդրումներ անել, սակայն հանդիպել է քար անտարբերության:

Հ. Գ. Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին, որը հաստատեց Օհանջանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով, թե իրեն Արցախից են զանգահարել եւ առաջարկել հանդիպում ունենալ։

«Նա ներկայացրեց, որ զբաղվում է հացահատիկի արտադրությամբ, սակայն ոչ մի ծրագիր չի ներկայացրել՝ ո՛չ բանավոր, ո՛չ թղթի վրա, այլ ասել է, որ ունի հարուստ փորձ եւ ցանկանում է դրանով կիսվել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Պետրոսյանը։ Վերջինս ընդգծեց, թե ասել է՝ կառուցվածքային փոփոխություններից հետո ավելի լայն կխոսեն՝ մեկ անգամ եւս ընդգծելով, թե վերջինս որեւէ ծրագիր չի ներկայացրել։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս