Ալիևն ու Փաշինյանը մարտին կրկին կարող են հանդիպել. ինչ զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տարբեր մեկնաբանությունների, ավելի ճիշտ՝ շահարկումների տեղիք տվեց:

ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Ալիեւի հետ հանդիպման ընթացքում չի քննարկվել որեւէ դետալ, այլ եղել է պարզապես զրույց փոխադարձ ընկալումների մասին: Փաշինյանը նշել է, թե ինքն ուղղակի անկարող է որեւէ «դավադիր» ծրագրի մեջ մտնել Արցախի հարցում: Սակայն, ամեն դեպքում, Ալիեւի հետ Փաշինյանի դավոսյան հանդիպումը մի շարք նոր հարցերի պատճառ դարձավ: Սա այն բանից հետո, երբ կատարվածին անդրադարձան ռուս փորձագետները:

Օրինակ` ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նախօրեին հայտարարել է, թե հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: «Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը: Նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել, հստակ չէ: Հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիեւը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով եւ կխոսեր վերջնագրերի լեզվով»,- այդպիսի կարծիք է հայտնել Տարասովը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Տարասովից պարզել, թե ինչն է նրա համար այդպիսի լրջագույն հայտարարություն անելու առիթ հանդիսացել: «Վերջին հանդիպման ընթացքում տպավորություն ստացանք, որ Ալիեւը բավարարված էր, Փաշինյանը` փոքր-ինչ տխուր։ Այսպես դիտարկենք. մեկուկես ժամ զրուցել են Ալիեւն ու Փաշինյանը, դրանից առաջ էլ չորս ժամ Մամեդյարովն ու Մնացականյանը: Սա նշանակում է, որ նրանք ունեցել են քննարկման առարկա, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի։ Ադրբեջանը երբեք Փաշինյանի հետ այդ մակարդակով կոնտակտի չէր գնա, եթե Հայաստանից իրենց բավարարող որեւէ պատասխան չունենար նա»,- մեզ հետ զրույցում նկատեց Տարասովը, որը նշեց, թե եղած փաստերը վերլուծելով է նման եզրակացության եկել: Ասել է թե` նա չունի որեւէ փաստ, այլ տեսանյութերից ու լուսանկարներից ստացած տպավորությունների հիման վրա է եզրակացություն արել` փորձելով դա ներկայացնել որպես իրողություն:

Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում հիշեցրեց նաեւ հայտարարությունների եւ խոստումների մասին, որոնք եւս չեն կատարվել եւ որոնք կրկին մտահոգության տեղիք են տալիս: «Նախկինում պարոն Փաշինյանն ասում էր, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցություններին, բայց Բակո Սահակյանը չկա, Մասիս Մայիլյանը չկա: Իսկ Մնացականյանն ու Փաշինյանն էլ խոսում են Հայաստանի անունից»։ Ընդ որում, Ստանիսլավի տեղեկության համաձայն` մոտավորապես մարտ ամսին բարձր մակարդակով հանդիպում է սպասվելու կրկին Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ: Եվ հետաքրքիր է, որ Տարասովը որպես հանդիպման հնարավոր վայր ավելի շատ դիտարկում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Մոսկվան կամ Փարիզը:

Իսկ, օրինակ, մեկ այլ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էլ համաձայնագրի ստորագրման շուրջ ավելի մոտ ժամկետներ մատնանշեց: Չնայած Ստանիսլավ Տարասովը եւս մեզ հետ զրույցում մատնանշել էր մարտին կայանալիք հանդիպման մասին, սակայն Կոլերովի կարծիքով` այդ համաձայնագրի ստորագրումն է հենց լինելու մարտին` գագաթնաժողովի ժամանակ: Կոլերովն, ամեն դեպքում, ընդգծեց, որ այդպիսի փաստաթուղթ առկա է վաղուց, պարզապես վերջնական ստորագրումն է ավարտվելու մարտին: «Այժմ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փնտրում է հեղինակություն ունեցող միջնորդ, որը պետք է մասնակցի ֆինալային փաստաթղթի վերջնական ամփոփմանը: Ես կարծում եմ` հիմա Երեւանում ընթանում է տիտղոսով միջնորդի փնտրտուք: Փաշինյանը հիմա երեք միջնորդներից ընտրում է այն մեկին, որը պետք է ներկա լինի այդ համաձայնագրի ստորագրմանը»,- նշեց նա:

Կոլերովը կրկին անգամ ընդգծեց, թե նման փաստաթուղթ առկա է վաղուց, եւ Փաշինյանը պարզապես պետք է վերջակետը դնի: Միեւնույն ժամանակ ռուս քաղաքագետի համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետն այսքան շտապում եւ այդ պատճառով էլ սխալներ թույլ տալիս:

Մինչ այդ նկատենք, որ հայկական կողմը պաշտոնապես դեռ չի հերքել կամ հաստատել այս տեղեկությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս