Տավուշի նոր մարզպետ դեռ նշանակված չէ: Մարզպետի փոխարեն որոշումները ստորագրում է մարզպետի 3 տեղակալներից Տիգրան Թամրազյանը: Նախկին մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ պատգամավոր է: Տավուշի մարզում շրջանառվում են նոր մարզպետի թեկնածուների անուններ, այդ թվում` Հայկ Չոբանյանի: Վերջինս ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է:
Նա «Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու էր, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացավ 5269 ձայն, սակայն խորհրդարանի պատգամավոր չընտրվեց: Նա բնակվում է Երեւանում, արեւային մարտկոցներ արտադրող ընկերության սեփականատեր է: Հ. Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չժխտեց, որ ինքը մարզպետ կարող է նշանակվել:
Նրա` որպես մարզպետի թեկնածուի թույլ կողմը կարելի է համարել այն, որ, բնակվելով Երեւանում, լավատեղյակ չէ սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի հիմնախնդիրներին, մարզում տիրող իրավիճակին, լավատեղյակ է միայն իր հայրենի Բերդի տարածաշրջանի իրավիճակին: Հ. Չոբանյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց, թե իրեն ինչքան ժամանակ է պետք մարզի հիմնախնդիրներն իմանալու համար:
Նա ասաց, որ մարզպետ նշանակվելու դեպքում մարզի հիմնահարցերին ծանոթանալու համար ժամանակ չի ծախսելու, մարզի խնդիրներին ինքը որոշակի չափով տեղյակ է, մնացած հարցերը կլուծվեն աշխատանքին զուգահեռ, այդ գործում ինքը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ: Տավուշի մարզում որպես մարզպետի թեկնածու շրջանառվում է նաեւ բնապահպանության տեսչության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վահագն Առաքելյանի անունը: Վերջինս նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաեւ զբաղվածության Իջեւանի տարածքային կենտրոնի տնօրեն: Նրա` որպես մարզպետի թեկնածուի համար առավելություն է այն, որ մարզկենտրոն Իջեւանի բնակիչ է, գիտի մարզի խնդիրները: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գերակշիռ մեծամասնությունը Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ են, Վ. Առաքելյանի համար հեշտ կլինի նրանց հետ աշխատելը:
Նրա` մարզպետ նշանակվելուն որոշակի խոչընդոտ կարող է լինել այն, որ նախկինում եղել է ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը իր հայրենի մարզում` Տավուշում կարող է մարզպետ նշանակել այլ մարդու, որի անունը որպես մարզպետացու ընդհանրապես չի շրջանառվել: Նոր մարզպետի նշանակման ձգձգումը ցույց է տալիս, որ Փաշինյանն այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: Նա լավ է հասկանում, որ հայրենի Իջեւանում կադրային ձախողումը վատ կանդրադառնա իր հեղինակության վրա:
Ոսկան Սարգսյան
Տավուշ