Նոր նախագծի հետքերով. փաստաբաններն ու հաշվապահները կհարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հասցրել է լուրջ դժգոհություններ առաջացնել ոչ միայն հաշվապահների, այլեւ փաստաբանների, խորհրդատուների մոտ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդհանուր հարկման համակարգ բերել իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատուներին եւ հաշվապահներին: Մասնագետները համոզված են, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրանան նրանց կողմից մատուցվող ծառայությունների գները:

Բայց ՖՆ-ն նախագծերի հիմնավորումների մեջ նշել է, թե փաթեթի ընդունման արդյունքում ակնկալում է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի 33 հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է փոփոխություններ կատարել: Այսպես, նախատեսվում է հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ կետում «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «տոտալիզատորի» եւ «ինտերնետ տոտալիզատորի» բառերը, իսկ «աուդիտորական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները» բառերը: Այսինքն` այս փոփոխությունների արդյունքում իրավաբանները, խորհրդատուները, փաստաբանները կաշխատեն շրջանառության հարկով, ու հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ ճարող: Սա, մասնագետների պնդմամբ, կարող է հանգեցնել եկամուտը թաքցնելուն, ծառայության գների բարձրացման եւ կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը:

Նշենք, որ արդեն երկու օր է, ինչ մասնագետները մեկնաբանում են այս փոփոխությունները` դեմ արտահայտվելով:

Նրանցից, օրինակ, Շուշան Սարգսյանը գրել է. «Օրենքի նոր նախագիծը, որն արգելելու է փաստաբաններին, խորհրդատուներին եւ հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով, անհեթեթություն է: Քանի որ դրա արդյունքում հարկային բեռը կբարձրանա, ծառայությունների գները նույնպես, որն էլ համապատասխանաբար կազդի թե՛ տնտեսվարող սուբյեկտների վրա եւ թե՛ ծառայություններ մատուցողների: Առաջարկում եմ չընդունել օրենքի այդ նախագիծը»:

Մեկ այլ քաղաքացի` Կարեն Հովհաննիսյանը եւս, դեմ լինելով այդ փոփոխությանը, պնդում է, որ այն հաշվապահական, խորհրդատվական եւ իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ: Նա եւս համոզված է, որ այս փոփոխության իրականացման արդյունքում կթանկանան ծառայությունների գները, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները եւ իրավաբանական անձինք: Սակայն մասնագետներին ավելի շատ զայրացրել է այն, որ կատարվում են փոփոխություններ առանց համապատասխան ոլորտի մասնագետների կարծիքը հարցնելու:
Լարիսա Մանասյանն, որն աշխատում է փոքր բիզնեսին սպասարկող հաշվապահական ընկերությունում, վստահ է, որ այս փոփոխությունը լրացուցիչ բեռ կառաջացնի հարկատուների համար: «Չի կարելի նման չմտածված ու չքննարկված քայլ անել: Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում»,- նկատեց Լարիսա Մանասյանը:

Բացի այս, նախագծերի փաթեթով նախատեսված է հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից` զուգահեռաբար որոշակիորեն բարձրացնելով մի շարք ապրանքների մասով ակցիզային հարկի դրույքաչափերը: Այսպես, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով կհարկվի նաեւ 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավելի գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները: Ավելին, կբարձրացվի օղու եւ էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները` 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ: Նաեւ կվերանայվի 301 եւ ավելի ձիաուժ ունեցող, հինգ եւ ավելի տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը` մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս