Հավասարակշռված դիրքորոշման հրամայականը. ի՞նչի մասին է վկայում հայկական կողմի պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայում արդեն մի քանի տարի ձգվող սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում փաստացի հաստատվել է երկիշխանություն: Ընդդիմության առաջնորդ, Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Երկրում սկսել են լայնածավալ ցույցեր ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Վերջինս Գուաիդոյի քայլը որակել է հակասահմանադրական՝ պնդելով որ ինքն է օրինական ճանապարհով ընտրված Վենեսուելայի նախագահը: Երկրում լարվածությունը բավական արագ աճում է, ընդ որում մեծանում են նաև երկու գործիչների աջակիցների ճամբարները:

Վենեսուելայում ընթացող զարգացումները ոչ միանշանակ են ընկալվում նաև միջազգային հանրության կողմից: ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Վրաստանը և այլ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմադիր Խ. Գուաիդոյին: Մինչդեռ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Բոլիվիան և այլ երկրներ երկրի օրինական ղեկավար են համարում Ն. Մադուրոյին: Վենեսուելան փաստացի վերածվել է աշխարհաքաղաքական հակասությունների նոր թատերաբեմի և առկա իրավիճակի հուշում է, որ հազիվ թե առաջիկա ամիսներին ճգնաժամը կարգավորվի: Ավելին, շատ փորձագետներ չեն բացառում անգամ, որ այն կարող է առավել խորանալ՝ վերածվելով քաղաքացիական պատերազմի:

Ստեղծված պայմաններում, անշուշտ, Հայաստանը ևս՝ որպես միջազգային հարաբերությունների անդամ պետք է իր վերաբերմունքն ունենա վենեսուելական զարգացումների վերաբերյալ:

Նկատենք, որ յդ մոտեցումը ձևակերպելի հաշվի առնվեն մի քանի կարևոր գործոններ: Նախևառաջ Արևմուտքում Մադուրոյի դեմ ընդդիմադիր Գուաիդոյի պայքարն ընկալվում է որպես ժողովրդավարական ուժերի պայքար ավտորիտար, ոչ լեգիտիմ առաջնորդի դեմ: Ուստի տարբեր երկրների աջակցությունը այս կամ այն կողմին կարող է ընկալվել որպես քաղաքակրթական, արժեքային ընտրություն: Միևնույն ժամանակ, արդեն հստակ նկատելի են երկրների երկու հիմնական ճամբարներ, իսկ խնդիրը լոկալ մակարդակից տեղափոխվել է նաև աշխարհաքաղաքական հարթություն:

Ուստի, հայկական կողմը պետք է փորձի խուսանավել այս կամ այն ճամբարի հետ նույնացվելով՝ հանդես գալով հնարավորինս հավասարակշռված դիրքերից: Դա հնարավորություն կտա մի կողմից խուսափել արժեքային ընտրություն կատարելուց, մյուս կողմից՝ տարբեր գործընկերների հետ հարաբերություններում խուսափել լարվածությունից:

Թեև վենեսուելական զարգացումների վերաբերյալ պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշմամբ հանդես չի եկել, այնուամենայնիվ նկատելի են դիրքավորման որոշակի քայլեր: Նախ ՀՀ ԱԳՆ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ հետեւում են այդ երկրում կատարվող իիրադարձություններին ու հույս հայտնե,լ որ դրանք խաղաղ ելք կունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադառնալով Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշել է. «Տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունն այդ առթիվ որևէ հայտարարություն չի արել, և մենք շարունակում ենք հետևել զարգացումներին։ Պետք է առաջին հերթին հասկանանք այդ իրադարձությունների հարաբերակցությունը Վենեսուելայի Սահմանադրության հետ։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այստեղ առանցքային դեր պետք է ունենա Վենեսուելայի քաղաքացիների և ժողովրդի դիրքորոշումը։ Այսինքն  ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի առաջին հերթին Վենեսուելայի ժողովրդի համար»։

Ինչպես երևում է թե՛ ԱԳՆ-ն, թե՛ վարչապետը փորձում են խուսափել ՀՀ պաշտոնական դիրքորոշման հստակեցումից, ինչը բավական ռացիոնալ մոտեցում է, եթե հաշվի առնենք վերոնշյալ ռիսկերը: Եւ երկու պաշտոնյաների խոսքերի միջեւ հակասություններ տեսնելը, մեղմ ասած, հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է` նախկին իշխանությունների ու նրանց քարոզչամեքենաների կողմից:

Արման Գալոյան




Լրահոս