«Ժողովուրդ» օրաթերթը ԼՂ խնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ զրուցել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարեց, որ պատրաստվում է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Ի՞նչ գործընթաց է սա իրենից ենթադրում:
-Ես սա հասկացել եմ հետեւյալ կերպ. Նիկոլ Փաշինյանը այն ուժի առաջնորդն է, որ ստացել է Հայաստանի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Նա չի ներկայացնում Ղարաբաղի իշխանություններին, չի ներկայացնում նաեւ Ղարաբաղի ժողովրդին: Հետեւաբար բանակցությունների տրամաբանությունը պատկերացնում է հենց այդպես, որ ինքը ներկայացնելու է Հայաստանը, իսկ Ղարաբաղը, որն առանցքային դերակատար է հակամարտության կարգավորման հարցում, խոսի ինքն իր ներկայացուցիչների անունից եւ կողմից: Կարեւոր եմ համարում, որ արվել է համապատասխան քաղաքական հայտարարություն, մեր դիրքորոշումը հայտնի է դարձել բոլոր ներգրավված կողմերին, այդ թվում` հակամարտության կողմերին, միջնորդներին, եւ հետագա առնչությունները պետք է հաշվի առնեն նաեւ Հայաստանի նման դիրքորշումը:
-Ուսումնասիրելով ներկա վիճակը` ըստ Ձեզ` ինչքանո՞վ է ռեալ այդ գործընթացի իրականացումը:
-Ես համարում եմ, որ Ղարաբաղը այս կամ այն փուլում անպայման մասնակցելու է բանակցություններին, որովհետեւ հենց իր ճակատագիրն է որոշվում, եւ այդ առումով դա կլինի շատ տրամաբանական: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղը եղել է բանակցությունների կողմ, ու Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ եւ ջանքերով է դուրս մնացել բանակցություններից: Այսինքն` Քոչարյանի քայլը դժվարացրել է այսօրվա վարչապետի նախաձեռնության իրականացումը, բայց ես միանգամայն պատկերացնում եմ, որ բանակցությունների ինչ-որ մի փուլում անպայման առանցքային կողմ հանդիսացող Ղարաբաղը ներկայացված լինի:
-Ի՞նչ ժամանակահատված է պահանջվում դրան հասնելու համար:
-Բանակցությունները չեն էլ սկսվել: Միայն երեք շփում է եղել Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի միջեւ, նաեւ ոչ ֆորմալ շփումներ են տեղի ունեցել բարձր մակարդակում: Կարծում եմ, երբ որ բանակցային պրոցեսը մտնի հունի մեջ, այդ ժամանակ պատկերը ավելի պարզ կլինի:
-Հասարակության մոտ բուռն քննարկում առաջացրեց Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Այսպիսի հանդիպումները որքանո՞վ են արդյունավետ:
-Մի քիչ տարակուսում եմ, թե ինչու եք հարցը նման կերպ ձեւակերպում: Հասարակության մեջ այդքան բուռն քննարկում ես չեմ տեսել, որքան որ այն հրահրվել է` լրատվամիջոցների սեփականատեր, հիմնականում նախկին արյունոտ, հանցագործ իշխանության ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող վարձու վերլուծագանգերի կողմից արեստական ինչ-որ քննարկումներ ստեղծելով: Իրականում վարչապետը ինքն ասել է, որ բովանդակային քննարկում հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղի չի ունեցել: Հետեւաբար, այդ Ձեր ասած բուռն քննարկումները ոչ մի բանի մասին են: Ընդամենը արհեստական օրակարգով փորձվում է փոթորկել իրավիճակը, ուրիշ բան ես չեմ տեսնում: Այդ շրջանակների միակ նպատակը հասարակության ուշադրության շեղումն է նախորդների հանցագործություններից, ղարաբաղյան հարցում քոչարյանասերժական խայտառակ ձախողումներից:
-Այդ քննարկումները բուռն դարձան Ստանիսլավ Տարասովի հայտարարությունից հետո: Այս իրավիճակում ինչո՞ւ նման համարձակ հայտարարություն եղավ:
-Ես կխնդրեի Ձեզ, Ստանիսլավ Տարասովի մեկնաբանը ինձ մի՛ դարձրեք: Ես չգիտեմ` ինքն ինչ շարժառիթներով է առաջնորդվում, որքան անկախ է, եւ որքան մասնագիտական են իր վերլուծությունները: Ես կարող եմ ասել, որ այդ նշված ժամկետները լրիվ արհեստական են, եւ վստահ եմ, որ իրականության հետ որեւէ կապ չունեն:
-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ տեղաշարժեր եք նկատում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում:
-Կարեւոր փոփոխություն եմ նկատել. Փաշինյան-Ալիեւ Դուշամբեի հանդիպումից հետո մենք չունենք հակառակորդի կողմից պատճառած զոհ: Մենք ունենք շատ հանդարտ իրավիճակ շփման գծում: Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները կարողացել են վերահսկել իրավիճակը թե՛ շփման գծում, թե՛ բանակցային գործընթացի շուրջ, իսկ այն հանցավոր ռեժիմի խոսնակներին, որոնք մեղադրանքներ են ներկայացնում, ուզում եմ հիշեցնել, որ հենց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը շփման գծում, եւ բազմաթիվ փոխհրաձգություններ, բազմաթիվ զոհեր մենք ունեցանք հակամարտության գոտում: Հենց դրական այս փոփոխությունը չեն կարող մարսել սեփական քաղաքացիների սպանդը իրականացրած գողապետական նախկին համակարգի վարձու խոսնակները:
Զրուցեց Լուսինե Մինասյանը