«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսելիս ՀՀԿ փոխանագահ Արմեն Աշոտյանն ասել էր, թե ՀՀԿ-ին չեն թողել` անցնի խորհրդարան: Հարցին` այդ դեպքում ինչու չեն բողոքարկել ընտրության արդյունքները, նա ասել էր, թե չեն ցանկացել ցեխ շպրտել ՀՀ-ի ժողովրդավարական իմիջի վրա: Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ականի խոսքերին, հորդորեց դիմել իրավապահ մարմիններին:
«Այս իշխանությունը այնքանով է ապահովագրված, որ պարոն Աշոտյանը եթե հիմնավոր կասկածներ ունի, կարող է հենց հիմա դիմել իրավապահ մարմիններին: Ու եթե նմանատիպ մեխանմիզներ կամ մարդիկ են եղել, այդ մարդիկ հիմա` մեր իշխանության օրոք, վստահեցնում եմ, որ կկրեն իրենց պատիժը: Իսկապես այդպես կլինի, եթե կան նման մարդիկ, եւ եթե պարոն Աշոտյանն ունի էդպիսի տեղեկատվություն: Բայց ես դա, բնականաբար, բացառում եմ, որովհետեւ չէր կարող նման բան լիներ: Եթե անգամ նման բան եղած էլ լիներ, ես վստահեցնում եմ, որ վաղուց բացահայտված կլիներ ամեն ինչ: Այսինքն` պարոն Աշոտյանը, ՀՀԿ-ն եթե մի դեպք իրենք իմացած լինեին ընտրախախտումի, ընտրակեղծիքի, վստահեցնում եմ` նրանք չէին լռի»:
Հ. Հակոբյանը նաեւ հիշեցրեց. «Երբ մենք ընդդիմություն էինք, մեր յուրաքանչյուր խախտման մասին բարձրաձայնում էինք, որովհետեւ դա ի շահ մեր պետության էր, ոչ թե ի շահ ընդդիմության էր: Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս պարոն Աշոտյանին դիմել իրավապահ մարմիններին»,-ասաց նա: