Ազգային ժողովի կայքում քիչ-քիչ տեղադրվում են յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին տվյալները: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները դեռ վերջնականապես չեն ավարտվել:
Այնուամենայնիվ, պատգամավորների կենսագրական տվյալները մշտապես հետաքրքրություն են ներկայացրել, եւ նախկին գումարումների ժամանակ եղել են դեպքեր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձել են այս կամ այն դրվագ թաքցնել, կամ էլ ուսումնասիրելով կարող էիր հետաքրքիր պատկերի ականատես լինել: Նույնն էլ նաեւ այժմ է, եւ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանի կայքում արդեն իսկ տեղադրված պատգամավորների կենսագրական տվյալները. հիմնականում խոսքը իշխանական ուժին ներկայացնող խմբակցության մասին է: Նախ նկատենք, որ «հին» պատգամավորների դեպքում հեշտ է, նրանց տվյալներն արտատպվել են, եւ պարզապես ավելացվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դառնալու հանգամանքը:
Հետաքրքիր տվյալների հանդիպեցինք, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կենսագրությունն ուսումնասիրելիս: Օրինակ` 2010-2011 թվականներին լինելով «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմի անդամ, մարկետինգի եւ զարգացման պատասխանատու, այնտեղից դուրս գալով` 2011-2013թթ. աշխատել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի «Սաս Գրուպ» ընկերությունում որպես առցանց մարկետինգի պատասխանատու: Իսկ մինչ այդտեղ աշխատելն էլ, օրինակ, 2010-ին մի խումբ համախոհների հետ ստեղծել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունում աշխատելը չի խանգարել ընդդիմադիր գործունեությանը: Ընդգծենք, որ Առաքելյանը բարձրակարգ ծրագրավորող է: