Ազգային ժողովի կայքում քիչ-քիչ տեղադրվում են յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին տվյալները: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Ընդգծենք նաեւ, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջում դեռեւս տեղադրված չէ անգամ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի լուսանկարը:
Այնուամենայնիվ, պատգամավորների կենսագրական տվյալները մշտապես հետաքրքրություն են ներկայացրել, եւ նախկին գումարումների ժամանակ եղել են դեպքեր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձել են այս կամ այն դրվագ թաքցնել, կամ էլ ուսումնասիրելով կարող էիր հետաքրքիր պատկերի ականատես լինել: Նույնն էլ նաեւ այժմ է, եւ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանի կայքում արդեն իսկ տեղադրված պատգամավորների կենսագրական տվյալները. հիմնականում խոսքը իշխանական ուժին ներկայացնող խմբակցության մասին է: Նախ նկատենք, որ «հին» պատգամավորների դեպքում հեշտ է, նրանց տվյալներն արտատպվել են, եւ պարզապես ավելացվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դառնալու հանգամանքը:
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, զինվորական է եւ եղել է նաեւ ՆԶՊ ուսուցիչ: Իր գործունեությունը սկսել է որպես դասակի, ապա վաշտի հրամանատար, դրանից հետո էլ` գումարտակի շտաբի պետ, մայոր: Ի դեպ, նա ԶՈՒ-ում աշխատել է մինչեւ 2009թ.: Ըստ մեր տեղեկությունների` 2008թ. մարտի 1-ին նա փորձել է խափանել Երեւան զինվորական տեխնիկա բերելու հրամանի կատարումը, եւ նրան աշխատանքից ազատել են հենց քաղաքական հայացքների համար:
ԲՀԿ-ից պատգամավոր դարձած Դավիթ Մանուկյանի կենսագրությունում էլ բացակայում են տվյալներ նրա աշխատանքային գործունեության մասին: Ըստ կենսագրության` նա 2007 թվականին ավարտել է ուսումը եւ մինչեւ 2017 թվականը ոչնչով չի զբաղվել, ապա այդ թվականին պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» խմբակցությունից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի մոտ եւս բացակայում են աշխատանքային գործունեության մասին տվյալները: Ըստ կենսագրության` նա բուհն ավարտելուց հետո հինգ տարի ոչնչով չի զբաղվել, ապա 2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ, հետո էլ դարձել է արտաքին գործերի փոխնախարար: