2017 թվականի ապրիլի 2-ին` Ազգային ժողովի ընտրությունների օրն արձանագրված խախտումների վերաբերյալ հայցերը դատարան շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականից Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ի` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ:
2019 թվականի հունվարի 24-ին վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ «Նուբարաշեն» եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ների: Պարզվում է՝ ընտրությունների օրը Հասմիկ Հարությունյանը դիտորդական խմբի հետ գնացել է «ԿԳԲ-ի պադվալ» եւ ցանկացել ուսումնասիրել ընտրությունների ընթացքը, սակայն նրան թույլ չեն տվել` նշելով, որ նա չի հավատարմագրվել: Այս իրավիճակը հաշվի առնելով` Հասմիկ Հարությունյանը խնդրել է, որ թույլ տան իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, սակայն նրան բացատրել են` ընտրությունների օրով ի՞նչ վերահսկողություն իրականացնելու մասին է խոսքը, եւ այսպես նրան թույլ չեն տվել մտնել ինչպես «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, այնպես էլ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հասմիկ Հարությունյանին այլ ելք չի մնացել, քան դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց 2017թ ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի: Ի դեպ, տեղեկացանք, որ մինչ այդ դիտորդական խումբը դիմել էր իրավապահներին` քրեական գործ հարուցեն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: