«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փետրվարի 7-ին ԲԴԽ-ն որոշում կկայացնի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության կանչելու մասին: Ավելին, դատական համակարգում տեղեկություններ կան, որ շատ դատավորներ, հաշվի առնելով, որ թոշակի են անցնում, մատների արանքով են նայում իրենց վարույթում գտնվող գործերին:
Դեռեւս 2018 թվականի դետեմբերին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր ցանկացել գաղտնազերծել, թե ովքեր են այն դատավորները, որոնց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ դատավորներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն է, մյուսը՝ Արայիկ Մելքումյանը: Իսկ թե ինչի համար են նրանք հայտնվել կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, մեր աղբյուրները չէին մանրամասնել:
Ի դեպ, գրել էինք, որ երկու դատավորներն էլ ժամանակին ակտիվ դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով անարդարացի դատավճիռներ կայացնելու հարցում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին դատավորներին կարգապահական պատասխանատվության կանչելու գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, 2019 թվականի հունվարի 24-ին` Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում, Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան, հանդես գալով որպես դատարան, քննել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները` Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին եւ Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Նիստի ժամանակ ԲԴԽ-ն նաեւ քննել է դատավոր Արայիկ Մելքումյանին պատասխանատվության կանչելու հարցը, սակայն որոշում է կայացվել մերժել միջնորդությունը:
Հերթը հասել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին եւ Արա Կուբանյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Ափինյանին պատասխանատվության կանչելու հարցը կապված է եղել նրա վարույթում գտնվող գործերի հետ: Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` դատավոր Ափինյանը իր վարույթում քննվող գործերով երկու բացթողում է թույլ տվել: Դրանք վերաբերել են հայցի ապահովվմանը եւ հակընդդեմ հայցին: Ու հիմա դատավորը հայտնվել է կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Իսկ թե ինչ խնդիր է առաջացրել դատավոր Արա Կուբանյանը, մեզ պարզել չհաջողվեց: Ինչեւէ, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 7-ին: Սակայն մեզ հասած տեղեկություններով` դատավոր Ռուբեն Ափինյանը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի կարգապահական պատասխանատվության, իսկ, ահա, Արա Կուբանյանը պատասխանատվության չի կանչվի, քանի որ, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, վերջինս վայելում է ԲԴԽ ղեկավարության հովանավորությունը:
Ի դեպ, ըստ դատական համակարգում տարածաված լուրերի` թոշակի անցնող դատավորների շրջանում վատ ավանդույթ է ձեւավորվել. նրանք թոշակի անցնելուց առաջ մատների արանքով են նայում իրենց վարույթում քննվող գործերին: Ուստի չի բացառվում, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորներից մեկը եւս մատների արանքով է նայել իր վարույթում քննվող գործերին եւ այսօր հայտնվել է կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Ռուբեն Ափինյանից փորձեց մեկնաբանություններ ստանալ, սակայն Ափինյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: «Ես չեմ ցանկանում այդ թեմայով խոսել»,- ասաց նա:
Քնար Մանուկյան