Ինձ ու ամուսնուս, չգիտես ինչու, անընդհատ բաժանում են. Թինա Քեյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը: Մենք բացահայտել ենք նրա նախասիրությունները, սովորություններն ու բնավորության՝ քչերին հայտնի գծերը:

-Թինա՛, ինչպիսի՞ երեխա եք եղել, Ձեզ ի՞նչ են պատմում:

-Չարաճճի, ճկուն եւ ընդունակ:

-Ձեր առավոտյան նախաճաշի պարտադիր բաղադրիչը:

-Անպայման ընտանիքով ձվածեղ ենք ուտում, առանց դրա հնարավոր չէ, եւ թեյ ենք խմում:

-Հաճա՞խ կամ երկա՞ր եք նայում հայելու մեջ:

-Ավելի երիտասարդ տարիքում հաճախ էի նայում հայելու մեջ, բայց հիմա երեւի տարիքն է վախեցնում, չես ուզում քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին արդեն կաս: Ամեն դեպքում, դա երբեք ինձ մոտ բարդույթի չի վերածվել:

-Ո՞ւմ խորհուրդներն եք կարեւորում:

-Միանշանակ, մայրիկիս, ամուսնուս. ինձ համար շատ թանկ են նաեւ քրոջս եւ եղբորս խորհուրդները: Ի դեպ, վերջիններիս եւ իմ միջեւ տարիքային բավական մեծ տարբերություն կա, այդ առումով մեր հարաբերությունները յուրահատուկ են:

-Առանց ինչի՞ աշխարհը չեք պատկերացնում:

-Առանց իմ արվեստի: Իհարկե, եղել են պահեր, երբ ճարահատյալ թողել եմ այն, օրինակ՝ բալիկներիս ծնունդով պայմանավորված, բայց ուրիշ ոչ մի պարագայում չեմ հրաժարվել իմ արվեստից: Ոչ մեկի համար դա չէի անի:

-Մուլտֆիլմ, որն ամեն օր էլ կդիտեք եւ չեք ձանձրանա:

-«Դե՛ սպասիր»-ը: Այն հավերժ է եւ արդիական բոլոր ժամանակներում:

-Նախընտրում եք թռիչք օդապարիկո՞վ, թե՞ պարապլանով:

-Պարապլանով: Օդապարիկից նյարդայնանում եմ: Պարապլանի դեպքում ավելի ազատ եմ թռիչքիս մեջ:

-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:

-Խղճով, հավատքով եւ սիրով:

-Ձեր մասին տարիներ շարունակ շրջանառվող մի բամբասանք ասեք:

-Ցանկացած հանրային անձ, եթե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, անպայման արժանանում է քննադատությունների, նրա հետեւից պարտադիր խոսում են: Անընդհատ շրջանառվող բամբասանքը վերաբերում է անձնականիս: Ինձ ու ամուսնուս, չգիտես ինչու, անընդհատ բաժանում են: Նույնիսկ երբ նոր էինք ամուսնացել, այդ խոսակցություններն արդեն կային: Մի անգամ Նազենի Հովհաննիսյանն ինձ ու ամուսնուս հրավիրեց իր հաղորդումներից մեկին հյուր ու խոստովանեց, որ իր ականջին էլ անընդհատ հասել են նմանատիպ խոսակցություններ: Երեւի մարդիկ չեն ուզում լավը տեսնել, լավին հավատալ, կամ էլ որ տեսնում են, ակտիվ կերպով շարունակում եմ կարիերայովս զբաղվել` առաջնորդվելով կարծրատիպերով, ենթադրում են, որ ամուսնալուծվել եմ:

-Եթե չլինեիք բեմի մարդ, ինչո՞վ կզբաղվեիք:

-Շատերը տեղյակ չեն, որ ես նաեւ կարուձեւով եմ զբաղվում, ինձ համար բազմիցս բեմական կոստյումներ եմ կարել: Թող անհամեստ չհնչի, բայց շատ բնագավառներում կարող էի դրսեւորվել, միայն մաթեմատիկայի եւ քիմիայի հետ առնչվող մասնագիտություններն են, որ հոգեհարազատ չեն:

-Ի՞նչ կանեիք, եթե Դուք լինեիք աշխարհի վերջին մարդը:

-Կփորձեի ինչ-որ հետքեր, նշաններ թողնել, որպեսզի եթե հանկարծ ինձնից հետո քաղաքակրթություն լիներ, իմանային, որ իրենցից առաջ էլ է եղել: Երեւի ուրիշ ոչ մի պիտանի բան չէի կարող անել:

-Չեք կարող ապրել առանց երաժշտությա՞ն, պոեզիայի՞, թե՞ կինոյի:

-Առանց երաժշտության: Այն մշտապես ուղեկցում է ինձ, շատ եմ ունկնդրում դասական երաժշտություն:

-Ո՞ր գյուտն եք համարում փրկություն կանանց համար:

-Կարծում եմ՝ բոլոր կանայք պարտական են բարձրակրունկ, կրծկալ եւ կորսետ հորինողներին: Դրանք այն ատրիբուտներն են, որոնք կնոջը դարձնում են կին:

-Կնախընտրեք ընթրել մարդաշատ եւ աղմկոտ ռեստորանո՞ւմ, թե՞ մի գողտրիկ սրճարանում:

-Եթե սիրելիիս հետ եմ, գողտրիկ սրճարանում, բայց մյուս բոլոր դեպքերում սիրում եմ մարդկանց մեջ լինել, աշխույժ կյանքով ապրել, լավ ժամանակ անցկացնել:

-Նա, որ փորձել է հարվածել Ձեր թիկունքից…

-Միշտ տապալվել է, որովհետեւ մնացել է ետեւում:

-Ձեր կողքին մշտապես եղել են մարդիկ, որոնք…

-Ինձ հավատացել են ու ոգեւորել: Առանց նրանց ես չէի լինի, չէի կայանա: Այդ մարդկանց թվում կարող են լինել ընկերներ, գործընկերներ:

-Չեք կարող անտարբեր անցնել…

-Օգնության կարիք ունեցող, փորձանքի մեջ գտնվող մարդկանց կողքով:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Հարցը, որը վերաբերում էր այն բանին, թե առանց ինչի չեմ կարող ապրել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս