Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:
«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները. «Արմատական քայլեր են ձեռնարկվել զորակոչային գործընթացի թափանցիկության և արդարության բարելավման, պետություն-զինվոր-ընտանիք մշտական կապի ամրապնդման և հստակեցման ուղղությամբ: Դա դրսևորվել է նաև ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման խնդիրների բարելավման, ընդ որում՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում»:
Մանրամասները` տեսանյութում: