ՀՅԴ-ն` հետաքրքիր զարգացումների նախաշեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որն ավանդաբար անցկացվում է 3-4 տարին մեկ։ ՀՅԴ-ականներն Ընդհանուր ժողովի արդյունքները պատրաստվում են ամփոփել արդեն այսօր: Հատկանշական է, որ ՀՅԴ-ն 33-րդ ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը, սակայն բացառապես վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին՝ առանց Հայասստանի ներկայիս վիճակի, ապագայի մասին տեսլականի կամ էլ ՀՅԴ-ի հետագա գործունեության մասին մտքերով։

Ենթադրվում է` իրենց աշխատանքներն ամփոփող, առաջիկա տարիների անելիքներն ուրվագծվող հայտարարությունը կտարածեն այսօր արդեն. ի վերջո, ՀՅԴ-ն 1999թ. ի վեր առաջին անգամ ներկայացված չէ խորհրդարանում, ընդ որում, նրանք ձախողվեցին այնպիսի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքները որեւէ մեկը կասկածի տակ չի դրել: Այնպես որ կատարվածը լուրջ մտածմունքների եւ հետեւությունների տեղիք պետք է տա այդ կուսակցության ներսում, եւ այդ հետեւությունները պետք է արտացոլվեն նրանց հայտարարության մեջ:

Մինչ այդ, փորձենք վերհիշել, թե ՀՅԴ-ն ինչպիսի հայտարարություններ էին ընդունել ՀՅԴ-ականները նախորդ ընդհանուր ժողովներից հետո:

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովն անցկացվել էր 2015 թվականի հունվարին. այն ժամանակ ՀՅԴ-ն ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կարգավիճակում էր, թեեւ` մյուս կողմից սատարում էր Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները: Ըստ նրանց հայտարարության, հաղորդագրության համաձայն, ժողովը քննարկել էր կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումները, բացթողումները, լրամշակման էր ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ-ի քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները։ Այսինքն, այս հայտարարությամբ ապագայի տեսլական կար եւ կուսակցության անելիք նաեւ քաղաքականության մեջ եւ այլ ոլորտներում՝ ոչ միայն Արցախյան հիմնահարցում։

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը տեղի էր ունեցել 2011 թվականին. այս ընթացքում ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բայց եթե անկեղծ` նրանց ընդդիմադիր բնույթին չէին հավատում: Հայտարարության մեջ օրինակ հանդիպեցինք նաեւ արտաքին մարտահրավերներ բառակապակցությանը։ Ընդ որում, հայտարարության մեջ բավական մեծ հատված էր զբաղեցնում այդ ժամանակ գործող իշխանությունների քննադատությունը, իսկ այս տարվա հայտարարության մեջ գործող նորընտիր իշխանությունների մասին ոչ մի խոսք չկա անգամ՝ ոչ դրական, ոչ բացասական։ Իսկ 31-րդ տեքստի մեջ այդ առնչությամբ ասվում էր․

«ա) Գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից:

բ) Խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունը ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում:

գ) Քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների․․․ եւ այլն։

Ընդհանուր ժողովների հայտարարությունների առումով հետաքրքիր է նաեւ 2008 թվականի մայիսին կայացած ժողովը։ Մարտի 1-յան դեպքերից հետո իր հայտարարության մեջ ՀՅԴ-ն նաեւ անդրադարձ է կատարել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու պատճառներին։ «Հատկապես նախագահական ընտրություններից հետո Հ.Յ. Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք։ Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ: Այդ պատասխանատուության գիտակցությամբ Հ.Յ. Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում»։ Սա թերեւս արդարացում է ՀՅԴ-ի համար։ Մինչդեռ ԱԺ արտահերթ ընտրությունների ողջ քարոզարշավի ժամանակ ՀՅԴ-ականները պնդում էին, թե կոալիցիա կազմելն իրենց մեծագույն սխալներից է եղել, եւ այսուհետ իրենք կոալիցիա կկազմեն միայն այն դեպքում, երբ իրենց ձայնը որոշիչ լինի:

Հիմա նկատենք, 33-րդ Ընդհանուր ժողովի բացման խոսքում ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը սուր քննադատության եւ նույնիսկ 5 տարի անց գործող իշխանություններին տուն ուղարկելու մասին խոսեց: Նաեւ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը, որտեղ նա իր ու իշխող մեծամասնության անունից ՀՅԴ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել: Սա թերեւս հետաքրքիր զարգացումների սկիզբ է։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս