ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է…Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին. դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»:
Համաձայնեք, որ Վիտալի Բալասանյանը ՀՀ իշխանությունների հասցեին շատ կոշտ, նույնիսկ վիրավորական է արտահայտվել: Մի հանգամանք, որը, մեղմ ասած, անթույլատելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե մարտի 1-ի բացահայտումը Փաշինյանի իշխանության համար ինչ կարեւոր դեր ունի, եւ որ իշխանություններն էլ, ըստ էության, համամիտ են ներկայացված մեղադրանքների հետ:
Բայց Վիտալի Բալասանյանի կողմից սա առաջին դեպքը չէ: Օրինակ, երբ ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարություններից հետո թյուրըմբռնում եղավ, Վիտալի Բալասանյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց, ու կրկին անհաջող: Ընդ որում, նա նույնքան կոշտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ, քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաեւ Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին: Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել եւ խուսափել բացահայտումներից, ինչպես նաեւ, ըստ էության, փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Եվ, առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետեւանք ունենան: Մինչ այդ, թերեւս, տեղին է հիշեցնել նաեւ 2017 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տերը չեղավ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: