Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս ներկայացրել է դիզայներ Գեւորգ Շադոյանի «Վերածննդից` անկախություն» նոր հավաքածուն։ Արդյունքում մենք հնարավորություն ունեցանք քաղաքական գործչին տեսնել նոր, հետաքրքիր ռակուրսից: «Ժողովուրդ» օրաթերթը տիկին Զոհրաբյանի հետ զրուցել է դիզայների հետ համագործակցության, առաջիկա ծրագրերի, կին քաղաքական գործչի վերաբերյալ հայ հասարակության մոտ առկա կարծրատիպերի եւ դրանք կոտրելու անհրաժեշտության մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ այսքանով իր մասնակցությունը նմանատիպ նախագծերին չի սահմանափակվելու. առաջիկայում նա ներկայանալու է նոր՝ «Նեֆերտիտիից` Կլեոպատրա» հավաքածուի շրջանակում:
-Տիկի՛ն Զոհրաբյան, «Վերածննդից` անկախություն» հավաքածուն ներկայացնելու առաջարկը հեշտ ընդունեցի՞ք:
-Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում եմ Vog.am-ի հետ, որը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր նախագծերով: Ինչ վերաբերում է Գեւորգ Շադոյանին, նա ինձ համար արդեն համաշխարհային կարգի դիզայներ է: Գիտեմ, որ նրա հավաքածուների ցուցադրություններն աշխարհի տարբեր երկրներում հետաքրքիր արձագանքների են արժանացել:
Եվ, փաստորեն, ստացվեց այնպես, որ «Վերածննդից` անկախություն» հավաքածուն առաջինը ես ցուցադրեցի Հայաստանում (ասեմ, որ դրանից առաջ այն ներկայացվել էր Չինաստանում, առաջիկայում էլ պետք է ցուցադրվի Միացյալ Նահանգներում): Մեծ հաճույքով եմ մասնակցել այս նախագծին: Գեւորգի հետ ինձ համար ընտրեցինք այն հագուստները, որոնք կհապատասխանեին իմ կազմվածքին, գունային գամմայի առումով էլ համադրելի կլինեին արտաքինիս հետ:
-Կին քաղաքական գործիչների մասին հայ հասարակության շրջանում որոշակի կարծրատիպեր կան: Քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, որ եթե կինը զբաղվում է քաղաքականությամբ, նա անպայման պետք է լինի չոր, ստանդարտ, էմոցիաներից զուրկ մեկը:
-Մենք պետք է կարողանանք կոտրել այդ ստերեոտիպերը: Կինը մնում է կին: Իմ ֆոտոսեսիայի վերաբերյալ լավ կարծիքներ լսելիս, անկեղծ ասած, լիցքավորվում եմ դրական մեծ էներգիայով: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ասեմ, որ որոշ ժամանակ անց հանդես կգամ մի հետաքրքիր նախագծում, որը կկոչվի «Նեֆերտիտիից` Կլեոպատրա»:
-Այսինքն՝ Դուք հանդես եք գալու, օրինակ, Կլեոպատրայի կերպարու՞մ:
-Այո:
-Կարծում եմ՝ կսազի:
-Շնորհակալ եմ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, աշխարհում վաղուց արդեն նորություն չէ, որ քաղաքական գործիչները մասնակցում են նորաձեւության ցուցադրությունների, ֆոտոսեսիաների, իսկ Հայաստանում, կարելի է ասել, դրա սկիզբը Դուք եք դնում:
-Շատ գործիչներ մասնակցել են, օրինակ, «Վերսաչե»-ի, «Դոլչե եւ Գաբանա»-ի, «Շանել»-ի ցուցադրություններին: Դա բավական ընդունված պրակտիկա է: Վերադառնալով կին քաղաքական գործչի առանձնահատկություններին՝ մի բան հստակ կարող եմ ասել. որ օրը կինը դադարի կին լինելուց, նա չի կարող լավ քաղաքական գործիչ լինել: Եթե կինը չհետեւի իր արտաքինին, չլինի հետաքրքիր, նրա աշխատանքն էլ չի ստացվելու: Կին քաղաքական գործիչը չպետք է վախենա իր հմայքն ի ցույց դնելուց: Նա երբեք չպետք է փորձի նմանակել տղամարդուն:
«Սուրոգատ» կին գործիչները, որոնք կարծում են, թե տղամարդկային հագուկապով, սանրվածքով ավելի վճռական են կամ ուժեղ, սխալվում են: Մի խոստովանություն անեմ. իմ քաղաքական կյանքի որոշ փուլերում եղել եմ կոշտ, ագրեսիվ՝ ներքուստ չլինելով այդպիսին: Եվ ես վստահեցնում եմ, որ դրանից բացարձակապես չեմ շահել, եւ որեւէ կին չի կարող շահել:
Աննա Բաբաջանյան