Վերին Լարսի փակված մնալը` հեղուկ գազի դեֆիցիտի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հեղուկ գազի որոշ լցակայաններում դեֆիցիտը շարունակվում է: Հեղուկ գազի շուկայում այս իրավիճակն արդեն մեկ ամիս է, ինչ ստեղծվել է: Միակ պատճառը Վերին Լարսի անցակետի փակումն է: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` հունվարի 28-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը ամեն օր հեռախոսազանգեր է ստանում վարորդներից: Նրանց պատմելով` այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: Իսկ լցակայանները, որոնք տաս օր առաջ կարողանում էին գոնե քիչ քանակությամբ հեղուկ գազ վաճառել, արդեն մի քանի օր է` վարորդներին հեղուկ գազ չունեն առաջարկելու: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հեղուկ գազի մեքենաներն արդեն մտել են Հայաստան: Ապա զարմացավ` նշելով.«բայց Ռուսաստանից ներկրված հեղուկ գազը արդեն երկու օր է, ինչ մտել է Հայաստան: պետք է որ լցակայաններում հեղուկ գազի խնդիր չլինի»: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ երկու օր առաջ Հայաստան է մտել մոտ 120 տոննա ռուսական գազ, ապա հույս հայտնեց, որ այսօր կամ վաղը լցակայանները հեղուկ գազի խնդիր չեն ունենա:
Նշենք, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Մասնագետի խոսքերով` այն լցակայաններում, որոնք Իրաքից են հեղուկ գազ ներմուծում, հեղուկ գազի պակասուրդ չի արձանագրվել: Իսկ հանրապետությունում ընդամենը մի քանի լցակայաններ են, որոնք Իրաքից բերված հեղուկ գազ են վաճառում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս