ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետն է առաջարկել հանդիպել ՀՅԴ-ին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն ու նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը երեկ հանդես եկան մամուլի ասուլիսով եւ ներակայացրին իրենց հիմնական մոտեցումները՝ կուսակցության ապագա գործունեության, ինչպես նաեւ նոր իշխանությունների հետ հարաբերությունների շուրջ։ Մինչ այդ ՀՅԴ ընդհանուր ժողովի ավարտից հետո ՀՅԴ նոր Բյուրոն՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, հունվարի 27-ին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։

Պարո՛ն Տեր-Խաչատուրյան, ինչո՞ւ ՀՅԴ 33-րդ ժողովի ավարտից հետո Արցախին վերաբերող առանձին հայտարարություն տարածեցիք։ Նախորդ ժողովներից հետո այդպիսի հայտարարությունների չենք հանդիպել։

-Իրականության մեջ այդպես չէ։ Հավանաբար նկատի ունեք Արցախի համար եղած հայտարարությունը, քանի որ երկուսն են եղել։ Առաջինը զուտ Արցախի համար է եղել, քանի որ ժողովի ավարտից անմիջապես հետո ասել էինք, որ Արցախի ժողովրդին ուղղված մեր դիրքորոշումների ամփոփումն ենք ներկայացնելու հայտարարության մեջ։ Եվ երկրորդը մեկ այլ հայտարարություն է, որն ընդհանրական է, եւ որի մեջ կա քաղաքական ուղղվածության հարց, տնտեսական քաղաքականության եւ զարգացման խնդիր։

-Բայց ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Արցախի հարցի վերաբերյալ այդպիսի առանձին հայտարարություն անել։

-Արցախի մեջ լինելու հանգամանքով պարզապես։ Քանի որ հայտարարությունը պատրաստելը ժամանակատար էր, որոշեցինք այդ հայտարարությունն անմիջապես անել Հայաստան մեկնելուց առաջ։

-Միայն դա՞ է պատճառը, թե՞ նաեւ մտահոգություններ կան նոր իշխանությունների քաղաքականության հետ կապված։

-Կան լուրջ մտահոգություններ, եւ ոչ թե միայն հիմա։ Եղել են նաեւ շրջաններ, երբ այդպիսի մտահոգություններ կրկին ունեցած ենք եղել։ Այսինքն` ինձ համար համանախագահների շրջանում առկա չափազանց լավատեսությունը վտանգավորություն է ներկայացնում։ Ժամկետների հանկարծակի ճնշում, որ կարող է կա՛մ մարտին, կա՛մ ամառը առանձին բան ստեղծվի, կարող է որ ամբողջովին խաղ լինի, բայց իրականությունն այն է, որ այսպիսի ինտենսիվությունը նշանակում է, որ որոշ ճնշումներ են փորձում անել Հայաստանի վրա։ Դա չի նշանակում, որ իշխանությունը տեղի է տվել։ Պարզապես նշանակում է, որ ամեն մարդ փորձում է օգտագործել էս նոր փոփոխության իրավիճակը Հայաստանին շեղելու համար։

-Ամեն դեպքում, այդ մտահոգությունները միայն նոր իշխանությունների՞ ժամանակ առաջացան։

-Համաշխարհային ուժերի կողմից այդ փոփոխությունները օգտագործելու միտում կա։ Կօգտագործեն, թե ոչ, դա ուրիշ հարց է։ Մենք պետք է գործակցենք իշխանությունների հետ, որ չտրվի որեւէ ճնշումի։

-Օրինակ` շատերը տարօրինակ գտան, որ ժողովի բացման ժամանակ Հրանտ Մարգարյանը քննադատում էր նոր իշխանություններին, բայց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ողջույնի խոսք է հնչում, ապա նաեւ հանդիպում եք նրա հետ։

-Այդտեղ հակասություն չկա, եւ վարչապետի կողմից միայն ողջույնի խոսք չէր, եթե ուշի-ուշով կարդան։ Մեջը կար նաեւ մտահոգություններ եւ մի քանի շեշտադրումներ, որ վարչապետը կնշեր, թե կան մասեր, որտեղ չի կարծում, թե ընդհանուր մոտեցումներ կունենանք, սակայն դա չպետք է խանգարի համագործակցության համար։ Եվ եթե Բյուրոն անմիջապես ընդառաջեց հանդիպման առաջարկին, քանի որ նա էր առաջարկել հանդիպել մեզ հետ, մենք այդտեղ անպատվաբեր բան չենք տեսնում։ Ընտրական պրոցեսի էջը փակելով եւ դուրս գալով` մենք հիմա ունենք հնարավորություն, որ նստենք ու հարցերի մասին խորհրդակցենք։ Մենք միշտ ասել ենք, որ մեր կողմից հաղորդակցության գնալը եւ ճամփաները բաց պետք է պահել։

-Ստացվում է՝ Դուք Հրանտ Մարգարյանի կողմից քննադատությունը չե՞ք կիսում։ Դա իր անձնակա՞ն որոշումն է։

-Չէ։ Հրանտ Մարգարյանի քննադատությունը քաղաքական գծի, տնտեսական քաղաքականության մասին հայտարարություն էր, որը մենք ամբողջովին կիսում ենք։

-Դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն։

-Իհարկե, եւ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով եւս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը եւ հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի եւ ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել՝ այո, ընդդիմություն ենք։ Մենք ճշտին ճիշտ ենք ասելու։ Եթե հանկարծ Արցախի կապակցությամբ այնպիսի կացություն ստեղծվի, որ փոքր-ինչ զիջման մասին անգամ խոսք լինի, ապա մենք իսկական ընդդիմություն կլինենք։ Պետք չէ խանգարել բայց, որ նրանց հետ խոսակցական եզրեր գտնենք՝ ի շահ պետության։

-Իսկ Դուք Հրանտ Մարգարյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ եք ունեցել։ Ասում են՝ նրա գաղափարական ընդդիմախոսն եք։

-Չգիտեմ՝ ով է ասում այդպես, բայց սխալ են հասկացել։ Ես Հրանտ Մարգարյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, եւ մենք ավելի քան տարի է՝ ընկերներ ենք։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս