Նախկին իշխանությունները այլընտրանք չեն թողել. Վահագն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից:

Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի, մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ վարչապետի ասածը շատ ռեալ է, պարզապես պետք է կարողանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ։Տնտեսագետը նկատեց` տարանցիկ լինելու հանգամանքը քննարկվում է միշտ։

«Մենք այդ հնարավորությունը ունեցել ենք մինչեւ 2013 թվականը։ Այդ հարցը բարձրացվել է 1999 թվականին Հայաստան-Իրան համաձայնագրի շրջանակներում, որտեղ նաեւ խոսք կար այն մասին, որ պետք է գազատար կառուցվի։ Այս գործի գլխին առաջին անգամ քար գցեց Ռոբերտ Քոչարյանը, երբ 1500 միլիմետրանոց գազամուղի փոխարեն 750 միլիմետրանոց գազամուղ կառուցվեց Հայաստան-Իրան, եւ դրա շարունակությունը արդեն եղավ 2013 թվականին` Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Կարեն Կարապետյանի, որն այդ ժամանակ գազպրոմում էր աշխատում։

Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ կնքվեց այդ հայտնի համաձայնագիրը գազպրոմի հետ, երբ Հայաստանը իր բաժնեմասը տվեց Ռուսաստանին, եւ գազպրոմը դարձավ 100 տոկոսանոց սեփականատեր, որտեղ ամրագրված էր նաեւ, որ առանց իրենց համաձայնության Հայաստանը չի կարող տարանցիկ գազամուղներ կառուցել։ Հիմա եթե նոր կառավարությունը` հանձին Նիկոլ Փաշինյանի, անում է այդ հարցադրումը, ուրեմն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրանից, բայց Ռուսաստանի համաձայնությամբ։ Այս ամենը շատ ռեալ է, ուղղակի պետք է կարողանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ։

Որովհետեւ, նորից եմ կրկնում, 20 տարիների ընթացքում նախկին իշխանությունները մեզ զրկել են բոլոր այլընտրանքներից` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է այլընտրանքներ փնտրել, որովհետեւ տեսնում ենք, որ միակողմանի կախվածություն է, եւ ոնց ուզեն, մեզ հետ կվարվեն` գազի գին էլ կբարձրացնեն, վաղը մյուս օր կասեն` Հայաստանը իրավունք չունի որոշումներ ընդունել էներգետիկայի բնագավառում։ Հույս ունենք, որ այն, ինչի մասին խոսել է վարչապետը, իրականություն կդառնա»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

Լուսինե Մինասյան




Լրահոս