Խորհրդարանական վերահսկողությո՞ւն, թե՞ փոթորիկ մեկ բաժակ ջրում. ՊԵԿ նախագահ-«Իմ քայլը» հանդիպումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարան էին հրավիրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Հրավերի նպատակն էր նրանից մեկնաբանություններ ստանալ ՊԵԿ-ում տրված պարգեւավճարների եւ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Նշենք` վերջին օրերին հասարակության շրջանում ամենաբուռն կերպով քննարկված թեման պարգեւատրումների խնդիրն է: Այս հարցի մասին այնքան է խոսվել, որ դարձել է օրակարգային: Պետք է արձանագրել, որ, ըստ էության, իշխանությունը ընդառաջ գնաց հասարակական ճնշմանը եւ որոշեց ինչ-որ քայլ անել` ցույց տալու, որ այս պարգեւատրումները ամենեւին էլ բարձրագույն իշխանության սրտով չեն: Այս համատեքստում էր տեղավորվում Դավիթ Անանյանին հրավիրելը ԱԺ` բացատրություններ տալու: Սա, իհարկե, աննախադեպ բան է: Նախկինում նման բաներ չէին լինում:

Դա էլ, ըստ երեւույթին, կապված էր այն բանի հետ, որ նախկինում պատգամավորները «քաշվում» էին ՊԵԿ նախագահից, որովհետեւ կախվածություն ունեին նրանից. գաղտնիք չէ, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը բիզնեսներ ուներ: Հիմա իրավիճակ է փոխվել, եւ պատգամավորները իրենց գործողություններում ազատ են եւ կարողանում են անկաշկանդ հարցադրումներ անել: Դատելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի շթոփված պահվածքից` կարելի է նկատել, որ հանդիպումը այդքան էլ հարթ չի անցել: Եղել է որոշակի լարվածություն իր գործընկերների կողմից: Այսինքն` «Իմ քայլը» խմակցության անդամները, ըստ էության, չեն խնայել Անանյանին եւ արել են բավականին կոշտ եւ ոչ հաճելի հարցադրումներ:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Անանյանը, խոսելով դռնփակ հանդիպման մասին, ըստ էության, ոչ մի հստակ պատասխան չտվեց նիստում տեղի ունեցած քննարկումների վեաբերյալ: Ընդամենը ասաց, որ եղել է մոտավորապես 15-20 հարցերի պատասխան, եւ սա ընդամենը դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր:

«Կար պարզաբանումների խնդիր: Ես չեմ ասելու` իրենք բավարարված են, թե չէ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Ամեն ինչ ճիշտ է կատարվել` օրենքի տառին համապատասխան: Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք: Պատգամավորները եւս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»,- մասնավորապես ասաց Անանյանը:

«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք: Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի»,- վստահեցրեց նա:

Նկատենք, որ այս իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել է միայն Դավիթ Անանյանին, իսկ ինչպես հայտնի է, պարգեւատրումներ եղել են կառավարության ամբողջ կազմում, եւ տրամաբանական է, որ պետք է հրավիրված լինեին նաեւ այլ պաշտոնյաներ, թեեւ ՊԵԿ-ում ամենամեծ չափի պարգեւավճարներ են տրվել: ինչեւէ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք ընդունում են, որ իսկապես կա խնդիր, եւ հանդիպումը տեղի է ունեցել խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար: Վերջինս նաեւ հայտարարեց, որ հանդիպումներ կլինեն նաեւ այլ գերատեսչությունների հետ:

Սա, իհարկե, լավ ավանդույթ է, որ խորհրդարանը իսկապես լինի վերահսկող եւ իսկապես կարողանա կառավարությունից հաշվետվության պահանջել այս կամ այն քայլի մասին: Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թերեւս, հավատարժան կլիներ, եթե համառորեն տեղեկություններ չպտտվեին այն մասին, որ իշխանական վերնախավում քննարկում են Դավիթ Անանյանին պաշտոնանկ անելու հարցը, դրա համար էլ խմբակցությունը կազմակերպեց այսպիսի հանդիպում: Ըստ մեր լուրերի` հանդիպման մանրամասները պետք է ներկայացվեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Դատելով Դավիթ Անանյանի տրամադրությունից` կարելի է ենթադրել, որ դժվար թե զեկուցվեն վերջինիս համար բարենպաստ հանգամանքներ: Թե ովքեր կլինեն հաջորդիվ կանչվող պաշտոնյաները, Մակունցը գաղտնի պահեց` թերեւս պայմանավորված տեխնիկական պատճառներով: Սակայն, ըստ խորհրդարանում պտտվող լուրերի, հաջորդ կանչվող պաշտոնյան լինելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ քննարկվելու է նաեւ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Ամեն դեպքում, եթե նման հանդիպումները չունենան շոշափելի արդյունքներ, ուրեմն կնշանակի, որ դրանք ընդամենը արվում են գոլորշի բարձրացնելու համար, եւ, ըստ էության, անպտուղ հանդիպումներ են: Եթե այս հանդիպումներին հետեւեն որոշակի գործընթացներ, որոշ նախագծեր, նույնիսկ պաշտոնանկություններ, այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ մենք գործ ունենք խորհրդարանական վերահսկողության, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ անելու երեւույթի հետ:

Լուսինե Մինասյան




Լրահոս