Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Ըստ այդմ` Արմեն Գեւորգյանը կմնա ազատության մեջ:
Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էին առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել:
Այս ամենը հաշվի առնելով` նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: 4 ամիս անց նրա մեղադրանքները փոխվեցին, եւ նոր մեղադրանք առաջադրվեց` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն (սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն (առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար), ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով):
Այս ամենը հաշվի առնելով` նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն 2017 թվականի դելտեմբերի 14-ին դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց միջնորդությունը: Դատախազությունը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը եւս մերժվեց:
Տպավորությունն այնպիսին էր, որ Արմեն Գեւորգյանի գործով հրապարակված որոշման մեջ որեւէ արտառոց բան չկա, սակայն ՀՔԾ քննիչները, որոնք քննում են աղմկահարույց գործերը, հայտնվել են լուրջ կացության առաջ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ քննիչներից մի քանիսը իրենց մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել Հատուկ քննչական ծառայությունում եւ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել: Երբ նրանցից հետաքրքրվել են, թե ինչն է պատճառը, ի պատասխան քննիչները հայտնել են, որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում, դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչներ, հայտնվում են անհարմար վիճակում:
ՀՔԾ քննիչներից մեկն ասել է, որ ավելի լավ է գնա մարզում կամ այլ վարչական տարածքում քննիչ աշխատի, քան մնա Հատուկ քննչական ծառայությունում: Ի դեպ, քննիչներից ոմանք կարծիք են հայտնել, որ նախկինում պայքարում էին այդ կառույց մտնել եւ այնտեղ մասնագիտական վերելքներ ապրել, սակայն այսօր իրավճակը այլ է:
Այսպիսով,«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեց այն մասին, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ քանի քննիչ է աշխատանքից ազատման դիմում գրել:
Ինչո՞ւ են ազատման դիմում գրել, ի՞նչ պատճառներ են նրանք մատնանշել: Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ վերջիններս չեն կարողացել Ձեզ հետ աշխատել, հրաժարվել են քրեական գործերով դիմումներ ներկայացնել դատարան` պատճառաբանելով, որ վատ վիճակում են հայտնվում իրենց ներկայացված քրեական գործերի միջնորդությունների մասով, քանի որ քրեական գործի հիմքում չկա ապացույց, իսկ իրենք դատարանին միջնորդություն են ներկայացնում անձին կալանավորելու համար, արդյունքում ստանում են մերժում:
Հարցերին ի պատասխան` ՀՔԾ լրատվականից պատասխանել էին. «Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ: Ինչ վերաբերում է 3-րդ հարցին, ապա այն իրականությանը չի համապատասխանում»:
Իսկ թե ինչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատվել, ՀՔԾ-ն այս հարցին չէր անդրադարձել:
Քնար Մանուկյան