Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի` տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` A4 ֆորմատի թուղթ:
Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գրանցվող, հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացնում է պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրեր: 34-ամյա Կարեն Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց.
«Ես աշխատանքի բերումով չէ, բայց անձնական հարցերով իմ սեփական մեքենայով պետք է գնամ Ռուսաստանի Դաշնություն, բայց ինձ ՃՈ-ն տվել է A4 ֆորմատի թուղթ, որը Վրաստանի սահմանային անցակետում ոչինչ չարժե: Անգամ զուգարանի թղթի չափ նշանակություն չունի իրենց տված թուղթը: Հիմա ինձ ասեք` հասկանամ` ես ինչպե՞ս վարվեմ, ո՞նց գնամ հասնեմ իմ ազգականի հարսանիքին»:
Իսկ մյուս դժգոհող վարորդն էլ նկատեց. «Ես Մեղրիի բնակիչ եմ, Երեւանում առուվաճառքի գործարք եմ արել, բայց չեն տրամադրել ինձ տեխանձնագիր` պլաստիկ քարտի տեսքով: Ձեռքիս են տվել A4 ֆորմատի թուղթ ու ուղարկում են տուն: Ստացվում է, որ ոչ միայն ես եմ տուժում, այլեւ իմ մեքենայի գնորդը: Փաստորեն, իմ մեքենայի գնորդին ես գցում եմ ավելորդ քաշքշուկների մեջ»:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանի հետ: «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում դեռեւս ներկրվող նմանատիպ տրանսպորտային միջոցների քանակ ի սկզբանե չի եղել: Այսինքն` անցած տարեվերջ եւ այս տարեսկիզբ Հայաստան կրկնակի անգամ շատ տրանսպորտային միջոցներ են ներկրվել: Եւ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ աննախադեպ մեքենաների ներկրման ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել: Եւ մենք քաղաքացիներին հաշվառման վկայագրի պլաստիկ քարտի փոխարեն տալիս ենք հաշվառման ժամանակավոր վկայագրեր, այսինքն A4 ֆորմատի թղթի տեսքով»,- տեղեկացրեց Տոնոյանը:
Մյուս կողմից` պարզվում է, որ ՃՈ-ն սահմանափակ խմբաքանակ ունի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով, բայց դրանք հնարավորություն ունեն ստանալու միայն այլ երկրի քաղաքացիները, որոնք այստեղից մեքենա են գնում եւ տեղափոխում են այլ երկիր:
«Ինչ վերաբերում է այլ պետություն մեկնողներին, գիտեք` օրինակ, դեպի Ղազախստան տրանսպորտային միջոցներ են արտահանվում: Կոնկրետ որոշակի խմբաքանակ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրեր կան, եթե այլ երկրի քաղաքացիներ են եւ պետք է մեքենա արտահանեն: Մենք մի խմբաքանակ պահել ենք, որպեսզի տրամադրենք այլ պետության քաղաքացիներին, որոնք պետք է մեքենա արտահանեն: Իսկ ՀՀ այն քաղաքացիները, որոնց մասով հավաստիանում ենք, որ իրականում պետք է դուրս գան երկրից աշխատանքի բերումով կամ այլ պատճառով, նրանց էլ ենք տրամադրում»,- նկատեց ՃՈ պետի տեղակալը: Ապա հայտարարեց, որ ՃՈ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հորդորում համբերատար լինել:
«Փետրվարի երկրորդ կեսին պլաստիկ քարտի տեսքով այդ վկայագրերը արդեն ՀՀ-ում կլինեն: Սա տեխնիկական ժամանակավոր խնդիր է, որի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- լրացրեց Տոնոյանը:
Մեր զրուցակիցը զրույցի ընթացքում անկեղծացավ` նշելով, որ այն քաղաքացիները, որոնք Ամանորը արտերկրում անցկացնելու նպատակով սեփական մեքենայով սահմանը հատել են, այս խնդրով ոչ մի տեսակի ընդհատում չի եղել: Պարզվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերի խմբաքանակը կիրառվել է 2018 թվականի չորրորդ եռամսյակի համար:
«Պարզապես մեքենաների ներկրման ծավալների աննախադեպ աճով էր պայմանավորված: Թվերը կոպիտ ասեմ. եթե Հայաստան տարեկան առաջին անգամ ներմուծված, գրանցված տրանսպորտային միջոցների քանակը եղել է մոտ ամենաբարձրը 38 հազար, ապա 2018 թվականի վերջում այն 73 հազարից ավել էր: Ամեն տարի մեր պլանավորումները` հաշվառման վկայագրերի մասով, շատ է լինում` հաշվի առնելով այլ հանգամանքներ: Պատկերացրեք` մենք 130-140 հազար հաշվառման վկայագիր ենք պլանավորել, բայց միայն 2018 թվականին տվել ենք 173 հազարից ավելի վկայագիր: Այսինքն` դա ե՛ւ նոր եկած տրանսպորտային միջոցներինն է, ե՛ւ քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարքների քանակով է պայմանավորված, կամ էլ տեխանձնագիրը կորցրած քաղաքացիներն են դիմում, նորն ենք տալիս»,- տեղեկացրեց Արթուր Տոնոյանը:
Սյունէ Համբարձումյան