ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր փուլում է ՊՆ պաշտոնյաների չարաշահման գործը. ՊԵԿ նախագահը` իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում ՊՆ պաշտոնատար անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործերով: Հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ բանակում չարաշահումների գործով հարցաքննության են կանչվել ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս հայտարարությունից հետո ՊԵԿ քննչական վարչությունը լռել է, եւ տեւական ժամանակ է, ինչ այս գործով որեւէ այլ մանրամասներ չի հայտնում: Հրապարակումից որոշ ժամանակ անց մեզ մանրամասներ հայտնի դարձան վերոնշյալ քրեական գործից:

Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:

Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ:

Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա՛ եւ զբաղվի՛ր իր աշխատանքով: Եվ, ահա, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն շուրջ 8 ամիս է, ինչ իրավապահները լռում են` չհայտնելով, թե ինչ փուլում է գործը, կան այլ մեղադրյալներ, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց քրեական գործի ընթացքի մասին զրուցեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ:

-Պարո՛ն Անանյան, անցած տարի հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը մեծ աղմուկ բարձրացրեց ՊՆ բնակարանաշինության ոլորտում չարաշահումների, անգամ նախկին նախարարի հարցաքննվելու վերաբերյալ ու լռեց: Դուք` որպեսՊԵԿ նախագահ, տեղյա՞կ եք` ինչ փուլում է գործը, ովքեր են մեղադրյալները, թե՞ նպատակը մեկն էր. մարդկանց սեւացնել, աղմուկ հանել, թե գործ են անում, ու լռել:

-Տեսե՛ք, կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Ես թույլատրելիության շրջանակներում, այո՛, տեղեկանում եմ, եւ ինձ ներկայացնում են տեղեկություն` ընդհանուր առմամբ ինչ ուղղությամբ է գնում: Բայց հավատացնում եմ Ձեզ, որ քննությունը եւ քննչական գործողությունները ունեն որոշակի գաղտնիություն, որոնց նկատմամբ ես ինքս ունեմ որոշակի սահմանափակում: Ձեր հարցին կպատասխանեմ այսպես, որ քննչական գործողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժամանակահատված պետք է անցնի:

Բացի երկու զինվորականներից այլ մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ. 8 ամիս է` քննություն է գնում, այլ հարցաքննվածներ կա՞ն, թե՞ ոչ:

-Ես այդ հարցերին հիմա չեմ պատասխանի, կներեք, հասկանալի պատճառներով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս