«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Թեւոսյանը:
-Պարո՛ն Թեւոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում ապատեղեկատվության վերահսկողությունը օրենսդրական դաշտում։ Ինչպե՞ս է որոշվելու՝ որն է ապատեղեկատվություն, որը ոչ։ Արդյոք վերահսկողության իրականացումը պարզունակ գրաքննություն չի՞ լինելու։
-Խնդիրն իրոք կա, ու այդ խնդրի գոյության արդյունքում առաջինը տուժում են այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք տրամադրում են կարծիք, վերաբերմունք, մեկնաբանություն, այսինքն՝ որոնք իսկապես հայթայթում են փաստեր, երեւան են հանում որոշակի թերացումներ։ Ապատեղեկատվության պատժի մեխանիզմները կարող են տարբեր լինել, ու բոլորը քննարկելի, դիցուք, այնպիսի օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերել, որը կխրախուսի, կխթանի, օրինակ, լրագրողական արհեստակցական միությունների զարգացումը։ Այդ արհեստակցական միությունների մեջ ներառված լրագրողները ավելի շատ լիազորություններ, քվոտաներ, բոնուսներ կունենան, քան այն լրագրողները, որոնք ինչ-ինչ պայմաններ չբավարարելու դեպքում չեն ներգրավվի այդ կազմակերպություններում, չեն հավատարմագրի իրենց կամ չեն տրամադրի իրենց ինֆորմացիա։
-Այսինքն՝ մասնագիտական որակավորմա՞ն խնդիր եք առաջ քաշում։
-Տեսե՛ք, որակավորման խնդիրը չի կարող լինել արհեստականորեն դասակարգված, այն պետք է լինի համայնքի ներսում գոյություն ունեցող կոնսենսուսի արդյունքում։ Շատ լրատվամիջոցներ դրականորեն վերաբերվեցին, քանի որ այստեղ դիրքավորման խնդիր կար. որոշ լրատվամիջոցներ այստեղ իրենց համար վտանգ տեսան`մտածելով, որ գուցե իրենց դեմ է ուղղված, որովհետեւ իրենք լոյալ չեն իշխանություններին, որոշները վտանգ տեսան, որովհետեւ իրենք ապատեղեկատվություն տարածելով ու անպատիժ մնալով են իրենց գործունեությունը պահում ջրի երեսին։
Ապատեղեկատվության տարածումը էթիկական որակների եւ ընթերցողի մեդիակրթության խնդիր է:
-Այսինքն՝ Դուք դատարանի, ԱԱԾ, նախաքննական մարմինների գործունեությունը ապատեղեկատվության դեմ պայքարում այդքան էլ արդյունավետ չե՞ք համարում։
-Այդ գործառույթները օրենքով սահմանված են, դրանց մեջ փոփոխություն անելու ենթակա բան չկա, ցանկացած մարդ կարող է դիմել դատարան զրպարտության կամ վիրավորանքի համար։ Երբ ասում ես՝ ապատեղեկատվության դեմ պայքար, բոլորի մոտ կարծրատիպային մտածողություն է ձեւավորվում: Իրականում խոսքի ազատությունը պիտի խրախուսվի, եւ դրանով կկրճատվի ապատեղեկատվության տարածումը։ Իմ բերած օրինակը՝ համքարությունների զարգացումը եւ այլն, դրանք պարզ օրինակներ էին, հնարավոր են բազմաթիվ այլ լուծումներ:
-Դուք, կարծես թե, էթիկայի տիրույթում եք տեսնում խնդրի լուծումը եւ ոչ այնքան օրենքի դաշտում։
-Բնականաբար, բայց օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է, որ որոշակի բազիսային հարթակ պետք է ստեղծվի, որպեսզի պրոցեսը զարգացում ունենա եւ ինչ-որ տեղ տանի։ Գոյություն ունեցող միջավայրում միակ լուծումը բացիթողի թողնելն է եւ հույս ունենալը, որ հասարակությունը կհասկանա եւ կտարբերակի, կամ զբաղվելը հանրության մեդիակրթությամբ:
-Երբ չկա զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական հոսքերի վերահսկողություն, երբ լրատվամիջոցները չեն կարողանում ինքնագործունեությամբ լուծել ֆինանսական խնդիրները, որքանո՞վ է իրատեսական անաչառ լրատվության գոյությունը։
-Դուք առաջ եք բերում խնդիր, ասում եք՝ էս խնդրի պայմաններում հնարավոր չէ լուծել: Օրինակ, մարդը պադվալային հարկում տասը քառակուսի մետրի վրա ուզում է բացել ռեստորան, արդյոք նա կհաջողի՞։ Հաջողության համար պետք են որոշակի նախապայմաններ։ Իհարկե, հնարավոր է` նույն ֆինանսական հաշվետվողականության, թափանցիկության պարտադրումը որոշակի բարդություններ ստեղծի շատ լրատվամիջոցների համար, որովհետեւ մենք ունենք ցավալիորեն այլ մշակույթ լրատվամիջոցների գործունեության։ Քանի որ ես ինքս շատ մեծ ջատագով եմ, որպեսզի խոսքի ազատությունը առաջընթաց ապրի եւ զարգանա Հայաստանում, գուցե այն լրատվամիջոցները, որոնց` խոսքի ազատությունից նահանջը կամ կարծիքների նկատմամբ սելեկտիվությունը պայմանավորված է իրենց ֆինանսական միջոցներով, գուցե պետք է այդ լրատվամիջոցներին որոշակիորեն խրախուսել ֆինանսապես ինչ-որ հիմնադրամների միջոցով, կամ իրենք համքարության հիմնադրամ ձեւավորեն։ Ամեն ինչ քննարկելի է, չնայած կարող են ասել, որ պետությունը միջամտում է ֆինանսապես լրատվամիջոցների գործունեությանը։ Ո՞նց անենք, որ պետությունը չմիջամտի։ Խնդիրը քննարկելի է։ Այն, որ այդ խնդիրը լուծման անհրաժեշտություն ունի, դրա գոյության հետեւանքով մենք լիքը արժեքներ ենք քարուքանդ անում, լիքը ապատեղեկատվություն ենք տարածում եւ մարդկանց մտածողության մեջ դրական փոփոխություններ, պոզիտիվիզմի տանող մտքեր առաջացնելու փոխարեն ապատեղեկատվություն ենք տալիս, փաստ է։
-Իսկ այդ առումով Դուք օրենսդրական կարգավորումը արհեստական միջամտություն չե՞ք համարում։ Չե՞ք կարծում, որ պրոֆեսիոնալ լրագրությունը մրցակցային դաշտում պիտի կայանա։
-Քանի որ լրատվության դաշտը չի ենթարկվում մրցակցային կանոններին, եւ շատ դեպքերում «սեւ» ֆինանսավորողներին շահավետ է լինում ֆինանսավորել հատկապես ապատեղեկատվություն տրամադրող լրատվամիջոցներին, այն լրատվամիջոցները, որոնք պրոֆեսիոնալ են, դրա արդյունքում տուժում են եւ շուկայի թելադրմամբ իրենք էլ են ստիպված լինում անցնել այդ դաշտ: Արդյունքում չի լինում արդեն պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, լինում են մարդիկ, որոնք կա՛մ հրաժարվում են դրանով զբաղվել, կա՛մ տեղափոխվում են ուրիշ դաշտ, քանի որ փող աշխատելու խնդիր կա: Լրագրությունը աշխատանք է, կարծում եմ, ծանր աշխատանք է, եւ ենթակա է բարձր վարձատրության։ Շատ լրագրողներ զոհ են գնում ցածր աշխատավարձով աշխատող պայմանական լրագրողներին, որոնց դա բավարարում է, եւ որոնք տեղեկատվական դաշտը հեղեղում են ապատեղեկատվությամբ։ Ինֆորմացիոն աղբը վայրկյանների խնդիր է եւ վայրկյանների ազդեցություն է ունենում: Դու գումար չես տալիս այդ ինֆորմացիան ստանալու համար, դու ուղղակի քլիք ես անում եւ վերջ։
Մարիամ Դանիելյան