Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի ջերմ ողջույնները:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-թունիսյան հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:
Անդրադառնալով անցյալ հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի հետ իր հանդիպմանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի հարթակ է, որտեղ ևս երկու երկրները կարող են ակտիվ համագործակցել:
Հանրապետության նախագահը հատկապես կարևորել է տնտեսական փոխգործակցությունը և, որպես սկիզբ, անհրաժեշտ համարել շփումների ակտիվացումն ու երկու երկրների ներուժի ուսումնասիրումը: