Հայաստանում սուր շնչառական վարակների գանգատով դիմածների թիվը նվազել է 1,3 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակի կայունացում ՝ նվազման միտումով, ինչի մասին են վկայում օրական իրականացվող մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ, նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն, ցուցանիշը նվազել է 1,3 անգամ: Արձանագրվել է շտապ օգնության 88 կանչ, նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի (92,8%-ը երեխաներ են), նախորդ շաբաթվա 711-ի փոխարեն: Դուրս է գրվել 201 պացիենտ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 30-ին սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 206 երեխա (Երևան՝ 96, մարզեր՝ 110): Բոլոր երեխաներն ուղարկվել են տուն:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ, և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

Ըստ հաղորդագրության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակած տվյալների համաձայն` գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանի երկրներում ունի աճի միտում: Եվրոպական տարածաշրջանի 23 երկրում արձանագրվել է գրիպի լայն, 8 երկրում՝ տարածաշրջանային, իսկ 5 երկրում՝ տեղային տարածվածություն: Շրջանառող վիրուսներից գերակայում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակին, ապա այստեղ ևս դիտվում է սուր շնչառական վարակների աշխարհագրական տարածվածություն՝ աճի միտումով: Հիվանդության դեպքերի գեռակշիռ մասն արձանագրվել է 3-6 և 7-14 տարեկան երեխաների շրջանում: Համաճարակային շեմից հիվանդացության համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել 23 սուբյեկտում, իսկ 7 քաղաքում արձանագրվել են հիվանդացության բարձր ցուցանիշներ՝ առանց համաճարակային շեմի գերազանցման:

ՀՀ առողջապահության նախարարության վրացի գործընկերներ հետ աշխատանքային կարգով քննարկումներից պարզ է դարձել, որ Վրաստանում դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում:

ՀՀ առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

– չօգտագործել հակաբիոտիկներ և չտալ դրանք երեխաներին՝ առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

– հիվանդները պետք է մնան տանը և չգնան աշխատանքի: Եթե հիվանդ է երեխան, թույլ չտալ նրան գնալ դպրոց կամ մանկապարտեզ,

– չհրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,

– հագնվել և հագցնել երեխաներին եղանակին համապատասխան,

– պահպանել և սովորեցնել երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

– օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխել փակ տարածքները,

– հետևել անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալ ձեռքերը տաք ջրով և օճառով,

– մինչև 5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:




Լրահոս