ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը կլուծարվի: Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում: Պարզվում է, որ այդ պատճառով ընկերությունը չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում եւ զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է:
Բացի այս, լուծարվում է նաեւ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ընկերությունը: Պատճառն այն է, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը յուրաքանչյուր տարի տրվում է այս ընկերությանը իր ընթացիկ ծախսերը հոգալու եւ կանոնադրական խնդիրները լուծելու համար: