Կառավարության անդամները երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երդվեցին նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Նրանք երդվեցին պահպանել Սահմանադրությունն ու կառավարության անդամի բարձր անունը: Նկատենք, որ կառավարությունն ամբողջովին ձեւավորված չէ, եւ կառուցվածքն էլ հայտնի չէ, երեկ էլ երդվեցին արդեն նշանակված նախարարները: Սակայն երդման արարողությունից բացակայում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինիս մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե նախարարը գտնվում է Բելառուսի Հանրապետությունում երկօրյա այցով:
Նշենք, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը Բելառուս է մեկնել հունվարի 28-ին եւ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Բելառուսի առողջապահության պատասխանատուների եւ այլ ներկայացուցիչների հետ։ Փաստորեն, ստացվում է, որ կառավարության բոլոր անդամները երդվեցին ծառայել ՀՀ-ին, բացի Թորոսյանից: Հետաքրքիր է՝ նա Հայաստան վերադառնալոց հետո առանձին կերդվի, թե, այնուամենայնիվ, թեման կհամարի փակված: