Հունվարի 28-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը: Հանձնակատարի օրակարգը բավական հագեցած էր՝ հանդիպումներ քաղհասարակության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հաշվի առնելով այցի հագեցվածությունը և դրա շրջանակներում հնչած գնահատականներն ու մեսիջները, կարելի է պնդել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ:
Ի հեճուկս նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք «Բյուսելին մոտ կանգնած սեփական աղբյուրներին» վկայակոչելով, ամեն պատեհ և անպատեհ առիթով ահազանգում էին, թե Հայաստանը բավարար ջանքեր չի գործադրում եվրոպական ուղղությամբ և ՀՀ-ԵՄ հարաբերությունները լճացման փուլում են՝ Յոհաննես Հաանի այցը վերահաստատեց, որ Երևանի և Բրյուսելի միջև փոխհարաբերությունները զարգանում են բնականոն հունով, ավելին՝ կան երկկողմ փոխգործակցության ամրապնդման հիմքեր և ամենակարևորը՝ քաղաքական կամք: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո և Երևանը, և Բրյուսելը վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ առաջ շարժվելու գործընկերության բազմաշերտ օրակարգով, և այս պատրաստակամությունն առաջին իսկ օրվանից ամրապնդվեց հստակ գործողություններով: Իսկ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, դարձավ կարևոր փորձաքար: Այն վերահաստատեց Հայաստանի լիակատար հանձնառությունը շարժվելու ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղիով. այս գործընթացում Հայաստանի կարևոր գործընկերներից է նաև Եվրամիություն:
ԵՄ հանձնակատար Հաանի շեշտադրումների իրական գնահատականն այն է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում հայկական կողմի ջանքերը և պատրաստ է ցուցաբերել աջակցություն, կամ ինչպես անձամբ հանձնակատարն է ձևակերպել՝ «եկել են լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել»:
Հանդիպումների արդյունքներից կարելի է եզրակացնել, որ այս փուլում կողմերը կարևորում են փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական համակարգի բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գործարար միջավայրի բարելավումը:
Հատկանշական է, որ ԵՄ-ն, բավական բարձր գնահատելով ՀՀ նոր կառավարության կողմից ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում իրականացվող բարեփոխումները, պատրաստակամ է հավելյալ միջոցներ տրամադրել Հայաստանին աջակցության համար: Հաանը Երևանում հայտարարեց, որ ԵՄ-ն ունի հատուկ բյուջետային տող, որը նվիրված է իրավունքի գերակայության և ժողովրդավարության բնագավառում հատուկ ձեռքբերումներին, և 2019 թվականին Հայաստանը կստանա լրացուցիչ օժանդակություն՝ որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար: Նման աջակցությունն, ըստ էության, ինչ որ առումով նաև բարձր մակարդակի արտահերթ ընտրությունների արդյունք է, որն, ի դեպ, Հաանը որակեց «յուրահատուկ Հայաստանի պատմության մեջ»:
Բացի ֆինանսական աջակցությունից, ԵՄ-ն պատրաստակամ է նպաստել նաև Հայաստանի տնտեսական հեղափոխությանը: Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հաանը հայտարարեց, որ քննարկվել է նաև Հայաստանում ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունը, որը եվրոպական ներդրողներին կծանոթացնի Հայաստանում առկա պայմաններին: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, Հաանն ընդգծել է, որ եվրահանձնաժողովը դրական է տրամադրված այդ հարցում՝ միևնույն ժամանակ նշելով, որ մինչև Եվրախորհրդարանի ընտրություններ հազիվ թե կարելի է ակնկալել երկխոսության մեկնարկ:
Փաստորեն, պետք է արձանագրենք՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, չնայած տարբեր ուժերի վատատեսական կանխատեսումներին, ամեն ինչ զարգանում է բավական դինամիկ ձևով: Ավելին, կողմերի միջև առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում, ինչի մասին հաստատել է նույն Հաանը՝ հայկական կողմի հետ հանդիպումները որակելով գերազանց: Այսօր միանշանակ կարելի է պնդել, որ Եվրամիությունը ոչ միայն գնահատում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները, այլ նաև պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին:
Դժվար է պատկերացնել, թե Հայաստան-Եվրամիություն գործընկերության նման բարձր մակարդակը «ուտոպիստական» որակողները ինչ գնահատական կտան 2013 թվականի որոշմանը, որին հաջորդած երկու տարիների ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև որևէ փոխգործակցություն պարզապես չի եղել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ