«Դարանակ» ՀԷԿ-ի աշխատողներն աշխատավարձ չեն ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դարանակ» ՀԷԿ-ի աշխատողների կանայք դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ հայտարարել, որ իրենց ամուսինները հինգ ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: «Ամուսինս աշխատել է, բայց արդեն հինգ ամիս է` չեն տալիս աշխատավարձը: Ասում են` էսօր-էգուց: Մենք անչափահաս երեք երեխաներ ունենք, հաց չունեմ, որ տամ էրեխեքիս, վարձու բնակարանում ենք ապրում, տանտերն եկել է մեր տուն ու տան փողն է ուզում: Եթե չտամ, իմ երեք էրեխուն դնելու ա գրկիս ու տանից հանի: Ես երեխաներիս վերցնեմ ո՞ւր գնամ»,- լացակումած ձայնով պատմեց Քրիստինեն եւ փոխանցեց, որ 500 հազար դրամ է աշխատավարձի պարտքը կազմում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Դարանակ» ՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գեւորգյանի հետ եւ հետաքրքրվեց աշխատավարձի ուշացման պատճառների մասին: «Նրանք ստում են, ես ոչ մեկի փողը ուտող չեմ: Իմ գործը պրավալ են տվել, որոշել են չաշխատել, ՀԷԿ-ը հիմա չի աշխատում: Իրենք իրենց ամուսնու գլխից թռել են ու զանգել ձեզ: Ես իրենց պարտք եմ երեք ամսվա աշխատավարձ եւ այն կզրոյացնեմ: Եթե ուզում են, թող դատարան դիմեն, ես իմ սուբյեկտիվ պատճառներն ունեմ չվճարելու»,- վրդովված նկատեց Լարետ Գեւորգյանը:

Ապա հայտարարեց, որ ՀԷԿ-ը չի աշխատում, քանի որ գետում ջուր չկա: «Բնությունն է պատճառը, Աստված ա ջուր տալիս, Աստված պապիկը… գետի ջուրը պակասել է: Բայց ձյունը կհալվի, գետը կլցվի, մենք էլ կաշխատենք»,- հույս հայտնեց Գեւորգյանը:




Լրահոս