2018-ի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Խառը մենամարտերի, այսպես կոչված, «դարի մենամարտը»` Քոնոր Մաքգրեգոր-Հաբիբ Նուրմագոմեդով: Երկար սպասված մարտը ավարտվեց նոկաուտով. Հաբիբը շանս չտվեց իռլանդացուն:
Մենամարտը կարճ տեւեց, իսկ պայքար ընդհանրապես չծավալվեց: Իսկական պայքարը սկսվեց նոկաուտից վայրկյաններ անց. խառը ծեծկռտուք երկու մարզիկների թիմերի միջեւ, որը կարծես լրացրեց չանցկացրած ռաունդները:
Արդեն հունվարի 30-ին պարզ դարձավ, որ Քոնորը որակազրկվեց 6 ամսով եւ տուգանվեց 50 հազար դոլարով, իսկ Հաբիբը՝ 9 ամսով եւ 500 հազար դոլարով:
Այսպիսով, սպասվելիք ռեւանշը հետաձգվում է անորոշ ժամանակով, իսկ այս երկուսի պայքարը տեղափոխվում է այլ գոտի, որը կարելի է անվանել սառը պատերազմ կամ միգուցե անչափ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ բեմադրված ներկայացում:
Հոկտեմբերի 6-ից արդեն գրեթե 5 ամիս է անցել, սակայն նրանց մասին խոսակցությունները չեն դադարում, իսկ կրքերը գնալով ավելի են թեժացնում հենց նրանք իրենց բարձրագոչ եւ սադրող մեկնաբանություններով:
Հաբիբը արդեն 10-րդ անգամ է կրկնում, որ չի պատրաստվում ռեւանշ անցկացնել Քոնորի հետ, բայց իրականությունն այլ է.«Նա պետք է ամբողջ կյանքը ապրի ամոթով, նա արժանի չէ եւս մեկ մենամարտի»:
Մաքգրեգորը իր բնավորությանը հակառակ դեռեւս լուռ է եւ կարծես ցանկանում է մրցակցի խոսքերին պատասխան տալ հենց օկտագոնից:
UFC-ի նախագահ Դենա ՈՒայթն արդեն հաստատել է, որ որակազրկման ավարտից հետո կկայանա նրանց երկրորդ մենամարտը, եւ հավանաբար նրանց շահույթը այս մենամարտից կլինի շատ ավելի մեծ, քան նախորդ անգամ:
Մինչ նրանց որակազրկումների ավարտը պարզից էլ պարզ է, որ չի դադարի այս «հայացքների մենամարտը». Հաբիբը կշարունակի երեսով տալ իր հաղթանակը, Մաքգրեգորն էլ հնարավոր է` չդիմանա եւ իր խոսքերով լրացնի դաղստանցուն:
Ամեն ինչ իրո՞ք լարված է նրանց հարաբերություններում, թե՞ առկա է արհեստականության գործոնը: Կարծում եմ զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց տեսնենք նրանց եղբայրների նման ջերմ զրուցելիս:
Ամեն դեպքում, եթե նույնիսկ այս լարվածությունը կրում է արհեստական բնույթ, ապա այն դուրեկան է հանրությանը. բոլորն են սպասում Հաբիբ Նուրմագոմեդով-Քոնոր Մաքգրեգոր «բեսթսելլերի» երկրորդ պարտիային:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ