ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, թե մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման հոդվածը «մի քիչ ծիծաղելի է», բուռն արձագանք գտավ: Հասարակության շրջանում այս հայտարարությունն ընկալվեց որպես Արցախի իշխանությունների տեսակետ ու առիթ դարձավ խոսելու Արցախ-Հայաստան հարաբերությունների վատ լինելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, որն էլ նշեց, որ Բալասանյանի ասածը չի արտահայտում իշխանությունների տեսակետը. «Վիտալի Բալասանյանը ինքն էլ ասաց, որ դա անձնական կարծիք է: Դա պետական կարծիք չէ»:
Միայն թե նկատենք` որքան էլ ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարի՝ հայտարարությունը Բալասանյանի անձնական տեսակետն էր, միեւնույն է, նա պետական պաշտոնյա է, որի խոսքերն ասոցացվում են այդ երկրի իշխանությունների տեսակետի հետ: Եւ Բալասանյանի հայտարարությունները պետք է իրենց երկրի իշխանությունների կողմից համապատասխան արձագանք ստանան: