«Գուցե շատերը համարեն ինձ ռոմանտիկ, բայց ես իրատես եմ, ինձ գոհացնում է ներկայիս կառավարության գործելաոճը, նկատում եմ դրական տեղաշարժեր եւ հասկանում եմ, որ ամեն բան չէր կարող միանգամից վերականգնվել ու շտկվել: Պետք է աստիճանաբար հասնել դրական արդյունքների»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը:
Նրա խոսքով՝ իր վրա Փաշինյանի դեմ տարվող ակտիվ հակաքարոզչությունը ոչ մի կերպ չի ազդում. «Միեւնույն ժամանակ փորձում եմ ինքնախաբեությամբ չզբաղվել: Բայց ես չեմ կարող չնկատել այն դրական քայլերը, որոնք արվում են, օրինակ, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 20 տոկոսով: Արի ու տես, որ անգամ այս քայլը ոմանց կողմից արհամարհական վերաբերմունքի արժանացավ: Գտնվեցին մարդիկ, որ դա համարեցին «հեչ բան»: Ինչպե՞ս կարելի է այդպես»,-շեշտեց երգահանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնում Վլադիմիր Կարապետյանի նշանակմանը, հատկապես որ որոշ քաղաքագետներ համարում են, որ Տեր-Պետրոսյանի ամենամոլի, ամենանվիրված եւ ամենակատաղի հետեւորդներից ու գաղափարակիցներից մեկին այդ պաշտոնում նշանակելն անթույլատրելի է, Գիսանե Պալյանը պատասխանեց. «Կոնկրետ այդ կադրի մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց պետք է նշել, որ Փաշինյանն այլ կուսակցությունների ներկայացուցիչների էլ է վերցրել տարբեր պաշտոններում, եւ այդ քայլն արժանացել է նմանօրինակ արձագանքների: Այս պարագայում կարեւորն այն է, որ մարդիկ դրսեւորվեն իրենց աշխատանքում արդեն խաղի նոր կանոնների պայմաններում: Այդ դեպքում բոլոր խոսակցությունները կավարտվեն»:
Երգահանի համոզմամբ՝ բնական է, որ այս փուլում Փաշինյանի դեմ ակտիվ հակաքարոզչություն է տարվում. «Որոշ մարդիկ կորցնելու շատ բան ունեն՝ ունեցվածք, դիրք, պաշտոն… Նրանց համար մշուշոտ է իրենց ապագան: Եվ հասկանալի է, որ մի խումբ մարդիկ պետք է ամեն գնով պայքարեն կորցրածը հետ բերելու համար: Բայց ես համոզված եմ, որ մեր հանրության գիտակից հատվածը շատ լավ տարբերում է առողջ քննադատությունը սադրանքից, ճիշտ ինֆորմացիան ապատեղեկատվությունից եւ այլն»,-եզրափակեց Գիսանեն:
Աննա Բաբաջանյան