Վախենամ՝ երկու ծրագրերն էլ տապալվեն. գրականագետը՝ աշակերտներին արվեստին մոտեցնելու մեխանիզմների անարդյունավետության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է: Ում հարցնես` կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են, բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի: Որովհետեւ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ: Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը»,-իր գրառման մեջ նշել է վարչապետը: Նրա համոզմամբ՝ նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման. «Եւ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»,-նշել է պարոն Փաշինյանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, այս պարագայում արդյոք տեղին չէ՞ խոսել մասսայական եւ ոչ մասսայական արվեստ հասկացություններից, նկատել, որ անկախ իշխանությունների գործելաոճից՝ բնական է, որ, օրինակ, փոփ համերգին ավելի մեծ թվով մարդ պետք է այցելի, քան դասական համերգին բոլոր ժամանակներում եւ բոլոր պարագաներում:

-Որքան հասկացա, վարչապետը շեշտադրել է մարդկանց ազգային արժեքներին մոտեցնելու հանգամանքը: Առաջին հայացքից թվում է՝ լավ է, բայց երբ վարչապետը խոսում է, օրինակ, արվեստի գործերը ԲՏՌ-ով, թիկնապահների ուղեկցությամբ դպրոց տանելու մասին, որ աշակերտները հասկանան դրա արժեքը, ինձ մոտ որոշակի մտավախություններ են ի հայտ գալիս առ այն, որ որպես հայեցակարգ եւ ռազմավարություն մասնագետների հետ դա չի քննարկվել: Ես չեմ կարծում, որ դա կունենա այն ազդեցությունը, որն ակնկալում է վարչապետը: Վարչապետի ասած մեխանիզմը, ըստ որի` արվեստաբանը պետք է մտնի դպրոց եւ սկսի բացատրել նկարի գեղագիտական նշանակությունը, լավագույն ձեւաչափը չէ մշակույթը կրթական օջախներ մտցնելու համար: Նախ՝ աշակերտները հակված չեն լսելու, հատկապես այսօր՝ տեխնոլոգիաների այս դարում, ուսումնական մեթոդները մեծ մասամբ միտված են նրանց աշխատեցնելուն: Բացի այդ՝ խնդիր կա նման նախաձեռնությունները դպրոցական ծրագրերի հետ ներդաշնակեցնելու իմաստով: Ի վերջո, կան դպրոցական առարկաներ, որոնք այդ խնդիրը պետք է լուծեն: Հիմա պետք է, որ մասնագետների համար մշակվի հայեցակարգ, եւ դա լինի դպրոցական ծրագրերի ընդհանուր ռազմավարության համատեքստում: Այսօր երկու շատ մեծ ծրագրերի մասին է խոսվում՝ «Քո արվեստը դպրոցում» եւ «Դասական արվեստը դպրոցում»: Վախենամ՝ երկուսն էլ տապալվեն: Պարզ չէ՝ մանկավարժական ինչ մեթոդներով դրանք պետք է իրականացվեն, եւ արդյոք դրսից հրավիրված արվեստագետները տիրապետում են դրան:

-Ի՞նչ է հարկավոր, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Մանսուրյանը դառնան մեր արժեհամակարգի մի մասը:

– Ի դեպ, ասեմ, որ մանրամասն ուսումնասիրել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը կրթության մասով եւ հավատացնում եմ, որ ազգային արժեհամակարգի ձեւավորման վերաբերյալ այնտեղ որեւէ նախադասություն չկար: Սպասում եմ, որ գոնե կառավարության ծրագրում այդ բացը լրացվի: Այսինքն՝ պետք է հայեցակարգային, ռազմավարական լուծումներ լինեն, ոչ թե պահի տակ արված հայտարարություններ, որոնց իրականացման մեխանիզմն այնքան էլ հստակ չէ:

-Ի՞նչ կարող է անել կառավարությունը հիմա:

-Արդեն պետք է արած լիներ, եթե ոչ, գոնե հիմա պետք է ձեւավորվեն մասնագիտական խմբեր Կրթության նախարարության անմիջական նախաձեռնությամբ: Այդ խմբերում կարող են ընդգրկված լինել ուսուցիչներ, դասախոսներ, կրթության փորձագետներ, ինչու ոչ, Մշակույթի նախարարությունից ներկայացուցիչներ: Պետք է տեսնել՝ կարճաժամկետ եւ երկրաժամկետ պլանով ինչ առաջարկներ են ներկայացվում կառավարությանը: Կրթության ոլորտում մասնագիտական լայն շրջանակների պետք է ներառել երկխոսությունների եւ քննարկումների մեջ: Այդ դեպքում կարող են ուրվագծվել արդյունավետ լուծումներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս