ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ: Նախօրեին անհայտ անձը Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն անելու հատկանիշներով: Նույն օրը զննության է ենթարկվել դեպքի վայրը:
Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են: Նախաքննությունը շարունակվում է:
ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` այդ հատվածում տեսախցիկներ չեն եղել, ավելին` այդտեղ պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի աշխատասենյակ տեղակայված չէ: Այնտեղ լինում են միայն հավաքարարները, տեխնիկները: Ըստ երևույթին` նշված երկու տասնյակ հարցաքննվողները եղել են այդ աշխատակիցները: