Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով:
Ըստ ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր մենեջերի` պայմանագրի պայմանների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ:
«Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակում: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար»,- պարզաբանել է բանախոսը՝ ընդգծելով, որ այսպիսի պայմանները իսկական նվեր կարելի է համարել:
«Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- ասել է պարբերականի աղբյուրը:
Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում: