Հայտարարություն «Շիրակ» ՀԸ լուծարման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը:Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանում անցում է կատարվել թվային հեռարձակման, իսկ «Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն առայսօր գործում է անալոգային տիրույթում և չի կարողանում ապահովել լայն լսարան, մինչդեռ՝«թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է»:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, բազմիցս ենք նշել, որ նախկին իշխանությունների՝ հեռարձակման ոլորտում իրականացված անհեռատես քաղաքականության հետևանքով մի շարք տեղական հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից և հայտնվելով անհավասար պայմաններում՝ անալոգային տիրույթում, օրեցօր կորցնում են իրենց լսարանը։Սա հակասում է թվայնացման գործընթացի նկատմամբ միջազգայնորեն ընդունված մոտեցումներին և պրակտիկային, համաձայն որոնց՝հեռարձակման թվայնացումը որևէ կերպ չպետք է վատթարացնի գործող հեռուստաընկերությունների վիճակը։Որպես լուծում մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք այն ժամանակ չընդունվեցին։

Ցավոք, հիմա էլ նոր իշխանություններն արդիական լուծումներ որոնելու փոխարեն,որոշել են գնալ հեշտ ճանապարհով՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ, հաշվի առնելով այդ հեռուստաընկերության բազմամյա փորձն ու լսարանի առկայությունը,կարելի էր չդիմել այդպիսի կտրուկ քայլի և, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակ»-ին շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում և հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։

Կառավարության այս որոշումը մտահոգվելու առիթ էմարզերում գործող մոտ 10 տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերություններիապագայի առումով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝

• վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը

• ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ և ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից,

• մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ




Լրահոս