«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ
-Տիկի՛ն Զախարյան, երեկ ինչպես հայտնի դարձավ` Դուք հեղափոխություն եք սկսում: Ի՞նչ ուժեր են Ձեզ աջակցում:
-Մեզ աջակցելու է ՀՀ քաղաքացին, որովհետեւ այս հեղափոխությունը, որը ես սկսել եմ, ուղղված է ՀՀ քաղաքացու ու ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Տեղի ունեցավ հեղափոխություն, սակայն որեւէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Կադրային տարբեր ուժերի հետ համագործակցում ենք: Այժմ անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ մենք խոսում ենք լուրջ գործընթացի մասին, քանզի այլընտանքային կառավարություն առայժմ տեղավորված չէ: Երբ պատկերը ամբողջացած կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք:
-Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից աջակցություն ունե՞ք, ովքե՞ր են Ձեզ աջակցում:
-Տարբեր միջազգային գործիչներ գրում են ֆեյսբուքով, մենք զրուցում ենք:
-Ի՞նչ ձեւով եք պայքարելու, փողոց եք փակելո՞ւ, քայլելո՞ւ եք:
-Մենք առաջին հերթին գործելու ենք սահամանադրությանը համապատասխան, որովհետեւ մենք չունենք դրա կարիքը սահմանադրությունից դուրս ակցիաներ կազմակերպելու: Եթե սաբոտաժ ցանկանայինք անել, ապա դա կանեինք մինչեւ ընտրություններ: Այս համաժողովրդական շարժումը, այս գործընթացը սկիզբ է առել միայն այն դրդապատճառներով, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված ունենք լուրջ հակասություններ, բացի այս` վերջին պարգեւավճարները եւ այլն:
-Ի՞նչ համաժողովրդական շարժում, քանի՞ կողմնակից ունեք, որ անվանում եք համաժողովրդական շարժում:
-Ներեցեք, դուք ուզում եք առաջին ասուլիսից մարդիկ միանա՞ն: Սա դառնալու է համաժողովրդական շարժում: «Իմ ձայնը» նախաձեռնությունը դառնալու է Հայաստանի ձայնը: Հասարակության տրամադրությունը ինձ ստիպեց նման դժվար որոշում կայացնել: Հասարակությունը հուսահատության շեմին է կանգնած: Շատերը ինձ վաղուց գրում էին` Անի վարչապետ: Ինձ հիմա դիմում են` տիկին վարչապետ: Եթե մարդիկ ինձ տեսնում են որպես վարչապետ, ապա ես իրավունք չունեմ չարդարացնել մարդկանց հույսերը:
Լուսինե Մինասյան