Վերջին օրերին Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների, նաեւ թոքաբորբով հիվանդացությունների մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ընդ որում, հիվանդացության մակարդակը մեծ է հատկապես երեխաների շրջանում: Հայաստանում անգամ H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից, մահացության երկու դեպք է գրանցվել:
Ճիշտ է, երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց մեղմել իրավիճակը` տեղեկացնելով, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների վարակի ակտիվացմանը, իրավիճակը սկսել է կայունանալ, արդեն հիվանդացության անկում է գրանցվում, սակայն հիվանդանոցներում տիրող իրավիճակը միանգամայն հակառակ տպավորությունն է թողնում: Հատկապես մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված. սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվն այնքան շատ է, որ բժիշկները նրանց ստիպված տեղավորել են այլ բաժանմունքներում: Չի բացառվում` ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջիկա օրերին հրահանգվի դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները մոտ 10 օրով դադարեցնելու մասին: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Ըստ մեր աղբյուրների` առանց նախարարության առաջարկի շատ ծնողներ այս օրերին խուսափում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկելուց` վախենալով հիվանդանալուց: Փոխարենը տարօրինակ հանգիստ են ՀՀ իշխանությունները: Բանն այն է, որ հարեւան Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է, սակայն ՀՀ իշխանությունների մոտ կարծես թե Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում:
Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի: Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբեր ամսին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել: «Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ եւ այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի եւ Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել»,- պատասխանել են ՀՔԾ-ից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը, եւ Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, եւ այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին: Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գործով եւս դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է քննել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի վախեցել այդ գործը քննելիս: «Օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով»,- ասել է նա:
«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչեւ 100 հազար դրամ: Բայց պարզվում է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաեւ մեծահարուստ պատգամավորները: Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար: Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանում եւս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորութուններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ եւ «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում:
ԴԵՌ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: Սեյրան Օհանյանը, հիշեցնենք` մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար: Բնականաբար, նա հայտարարել է, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքները, որակել այն «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն», «իրավագիտորեն ոչինչ չասող»: Օհանյանը հայտարարության մեջ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին իրեն արգելել են դուրս գալ երկրից` խոչընդոտելով ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին մեղադրանք առաջադրել: Այսքանից հետո Օհանյանը ուշագրավ ակնարկ է հնչեցրել. «Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, «Մարտի 1»-ի ողբերգությունը եւ զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր եւ հեռահար, անհայտ նպատակների համար»։ Թե ովքեր են «ընդհատակյա գործիչները», Սեյրան Օհանյանը չի մասնավորեցրել: Մինչդեռ համաձայնեք` շատ կարեւոր է սա իմանալը, քանի որ նախկին նախարարն իր հայտարարությամբ բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում. նա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս` ակնարկելով, որ նախաքննական մարմնին ուղղորդողներ կան. մի հանգամանք, որն օրենքով արգելված է: Իհարկե, չի բացառվում, որ Սեյրան Օհանյանն ընդամենը փորձում է այս կերպ ոչնչից ինտրիգ ստեղծել` հարմարավետորեն տեղավորվելով քաղհալածյալի կերպարում, իհարկե, չմոռանալով հիշեցնել ժամանակին հայրենիքին իր մատուցած ծառայությունները:
Բայց վերադառնանք մարտ 1-ի գործին. եթե Օհանյանը մոռացել է, հիշեցնենք՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո հենց ինքն էր տեսաուղերձում կոչ արել մարդկանց խմբերով չհավաքվել` սպառնալով, որ շատ բիրտ կգործեն: Բացի այդ, լինելով ԳՇ պետ` ինքն անձամբ է մասնակցություն ունեցել մարտի 1-ին զորքերը Երեւան տեղաշարժելու գործին, այսինքն՝ ինքը եւս դերակատարություն է ունեցել 0038 հրամանի շրջանակներում բանակը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու հարցում: Պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի` շտաբի պետ Օհանյանին տրված հանձնարարությամբ մայրաքաղաք բերվեց ռազմական տեխնիկա եւ տեղակայվեց Հանրապետության հրապարակում: Նույն օրը` մութն ընկնելուն պես, մարզերից դեպի Երեւան շարժվեց անգամ թրթուրավոր զրահատեխնիկան` չսպասելով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրին: Փաստերը շատ են ու անառարկելի: