ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊՐԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում է տրվում: Դրա չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը: Նախկինում Երեւանում բնակարան չունեցող պատգամավորները Ազգային ժողովի բյուջեից ամսական 100 հազար դրամ են ստացել վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար:

Այդ կանոնակարգումները սահմանված են «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով, որի դրույթներից մեկն էլ սահմանում է. «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»:
Ընդգծենք` եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 9 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այդ փոխհատուցումը ստանալու համար պատգամավորները պետք է կադաստրի կողմից համարժեք փաստաթղթեր ներկայացնեն, որպեսզի հիմնավորեն իրենց պահանջած գումարի չափը:
Եւ տարիներ շարունակ Ազգային ժողովից վարձով բնակարանի համար գումար ստացող պատգամավորների ցանկը միշտ ամենաքննարկվածներից է լինում: Ի վերջո, պատգամավորների մեծ մասը նաեւ մեծահարուստներ են եղել, որոնք, սակայն, աչք չեն թարթել օրենքով ընձեռված այդ հնարավորությունից եւս օգտվելու եւ պետությունից հավելյալ 100 հազար դրամ վերցնելու հարցում:
Այս անգամ էլ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ովքեր կդիմեն վարձով բնակարանի համար: Նախ նկատենք, որ այս պահի դրությամբ խմբակցություններում նման հարցեր չեն քննարկել, եւ մարզերից ընտրված շատ պատգամավորներ իրենց համար եւս չեն որոշել` կդիմեն վարձակալության դիմաց գումար ստանալու համար, թե ոչ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս պահին այդպիսի հարց խմբակցությունում չի քննարկվել, եւ դեռ պատգամավորների կողմից դիմումներ չկան: Նշենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» խմբակցության մեջ մեծ թիվ են կազմում մարզերից ընտրված եւ մարզաբնակ պատգամավորները, եւ չի բացառվում, որ այս խմբակցությունից մեծ թվով դիմումներ լինեն:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հենց խմբակցության մի քանի պատգամավորներից, հատկապես Երեւանից շատ ավելի հեռու գտնվող մարզերից ընտրվածներից պարզել` կդիմեն վարձակալության համար, թե ոչ: Եվ հիմնականում շատերը կրկին չէին որոշել: Օրինակ` Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված երեք պատգամավորներից երկուսը պատրաստվում են դիմել ԱԺ աշխատակազմ: Խոսքը նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ Նազելի Բաղդասարյանի մասին է: Իսկ, օրինակ, նախկին փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե իր միջոցներով է պատրաստվում բնակարան վարձակալել: Կարեն Սարուխանյանը դեռ վերջնականապես չի որոշել` դիմելու է, թե ոչ, սակայն մեզ հետ զրույցում չբացառեց այդպիսի հնարավորությունը: Իսկ ահա Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ճիշտն ասած` դեռ հստակ չեմ որոշել, սակայն հաշվի առնելով, որ ինքս հավանաբար ընդգրկվելու եմ մեծ` Պետաիրավական հարցերով հանձնաժողովի կազմում, իսկ դա ամենածանրաբեռնված հանձնաժողովն է, ֆիզիկապես պետք է ավելի շատ լինեմ Երեւանում: Այս ընթացքում կգնամ-կգամ, սակայն չի բացառվում, որ հետագայում դիմեմ»:
Ուսումնասիրելով նշված երեք պատգամավորների հայտարարագրերը` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սոֆիա Հովսեփյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ բնակելի տուն եւ չորս հողամաս, ունի մեկ ավտոմեքենա, իսկ մինչ մարզպետ նշանակվելն աշխատել է դպրոցում եւ հայտարարագրել 800 հազար դրամից ավելի աշխատավարձ: Նազելի Բաղդասարյանն էլ իր հայտարարագրում նշել է մեկ բնակարանի եւ ավտոմեքենայի առկայության մասին, իսկ եկամուտն էլ գոյացել է որպես լրագրող եւ մարզպետարանում աշխատանքներից` 1 մլն 450 հազար դրամ եւ 478 հազար դրամ կազմելով: Շիրակի արդեն նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 բնակարան եւ 1 անհատական բնակելի տուն, 1 ավտոմեքենա, 1 մլն 500 հազար դրամ եւ որպես եկամուտ 7 մլն դրամի ստացված փոխառություն, 2 մլն դրամից էլ ավելի գումար Շիրակի մարզպետ աշխատած ժամանակ:
Իսկ, ահա, Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքը կբնակվի Երեւանում, սակայն իր միջոցներով` հավելելով, թե այդպես է վարվել նաեւ մարզպետ եղած ժամանակ եւ Գորիսում վարձակալել է բնակարան հենց իր անձնական միջոցներով: Չնայած Կարեն Համբարձումյանը շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ներկայացրել է 50 տոկոս բաժնեմաս «ՀովԹեր» ՍՊԸ-ից, 1 մլն 150 հազար դրամական միջոց եւ եկամուտներ, օրինակ, 900 հազար դրամ վարձակալության գումար «Յուքոմ» ՍՊԸ-ից եւ տարբեր աշխատավարձեր` 1 մլն եւ 2 մլն դրամի հասնող: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը եւս պատրաստվում են դիմել ԱԺ աշխատակազմ:
Շիրակի մարզից ընտրված պատգամավորներից ԲՀԿ խմբակցկության անդամ Վարդեւան Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այս անգամ էլ չի պատրաստվում դիմել: Մինչդեռ նախորդ խորհրդարանում նա նման ցանկություն ունեցել է, սակայն հետագայում մտափոխվել: Հետաքրքիր է, որ Վարդեւան Գրիգորյանն իր հայտարարագրում նշել է Երեւանում առկա 3 եւ Շիրակի մարզում` 1 բնակարանի առկայության մասին: Բացի այդ, Գրիգորյանը թեեւ չի հայտարարագրել, սակայն, ըստ լուրերի, Շիրակի մարզում ունի ՀԷԿ, նաեւ նրա ընտանիքին են պատկանում մի շարք այլ բիզնեսներ:
Հետաքրքիր է, որ Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով արդեն ԲՀԿ-ից պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանն էլ է դիմելու փոխհատուցման համար: Նախորդ գումարման խորհրդարանում եւս նա դիմել էր փոխհատուցման համար, սակայն մամուլի կողմից աղմուկ բարձրացնելու հետեւանքով հրաժարվել էր: Իսկ ահա Վարդան Ղուկասյանն էլ նկատեց, թե անցած անգամ չի վերցրել, բայց այս անգամ վերցնելու է: Վարդան Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս եւ երկու բնակարան: Նա հայտարարագրել է 20 մլն դրամ եւ «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Ի դեպ, նախկինում Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ընտանիքով գործարարությամբ է զբաղվում, ասել է թե՝ նախկին քաղաքապետը չունեւորների շարքից չէ, ավելին՝ նրա ընտանիքին են պատկանում գազալցակայան, ռեստորանահյուրանոցային համալիր եւ այլն:
Նշենք, որ նախորդ գումարումների ժամանակ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին` Կարինե Պողոսյանը, ով Արտաշատից է, մշտապես դիմում էր վարձակալության վճարի համար: Երեկ անձամբ իրենից հնարավոր չեղավ պարզել` այս անգամ նա կդիմի վարձակալության վճարի համար, թե ոչ: Նա շատ աղքատիկ տվյալներ է ներկայացրել հայտարարագրում` միայն 500 հազար դրամ դրամական միջոց եւ պատգամավորի աշխատավարձ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման հարց դեռ չի քննարկվել` նկատելով սակայն, որ իրենց խմբակցությունում մեծ թիվ են կազմում մարզաբնակ պատգամավորները, ովքեր Երեւանում տուն չունեն եւ կդիմեն: Նրանց թվում է նաեւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀԵՆՑ ԹԻՄԻՑ
Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ հետաքրքիր պատկերի ականատես եղանք: Նախ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկության արդյունքում ստացավ 19 ձայն, այն դեպքում, երբ ԼՀԿ խմբակցությունն ունի 18 պատգամավոր եւ ակնհայտ է, որ մեկ հոգի ձայն է տվել մյուս խմբակցություններից: Համառ կասկածներ կան, որ Թանդիլյանի օգտին քվեարկել են հենց իշխող «Իմ քայլը» ուժից, եւ սա այն դեպքում, որ նրանք հայտարարել էին միասնական քվեարկելու եւ ԲՀԿ թեկնածուին ձայն տալու մասին: Իսկ, ահա, երեք քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել, ընդ որում` բոլոր երեք փոխնախագահների քվեարկությունների դեպքում նույնքան անվավեր է եղել: Մեկ հետաքրքիր փաստ եւս. իշխող ուժի թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանը, ստացել է 20 դեմ ձայն. սա երկուսով շատ է ԼՀԿ-ի եւ 6-ով քիչ ԲՀԿ-ի մանդատներից: Սակայն այս երկու խմբակցություններն էլ քվեարկությունն ազատ էին թողել, եւ չի բացառվում, որ դեմ քվեարկածներ կարող են լինել հենց «Իմ քայլի» ներսից:

 

 

ԼՐԻՎ ՆՈՐԸ
Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին: Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի եւ Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» մեքենա:

 

 

ՄԱՆԴԱՐԻՆԻ ԴԵՖԻՑԻՏ
Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվարությամբ կարող ենք գտնել մանդարին: Որոշ խանութներում վաճառքի մանդարին չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: Խոսքը մանր չափի մանդարինի մասին է, որը Ամանորից առաջ բազմաթիվ քաղաքացիներ կարողանում էին Հայաստան ներկրել: Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին մանդարինի գինը Հայաստանում կազմում էր 200-250 դրամ: Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը` 2 անգամ: Այսինքն` քաղաքացիները կարող են իրենց հետ ունենալ մինչեւ 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Սա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ է պայմանավորված: Տեղեկացնենք, որ այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում եթե մի քանի հոգով կարողանում էին յուրաքանչյուրը 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա հիմա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ: Որոշ մասնագետների խոսքերով` առայժմ սա ազդեցություն է ունեցել մանդարինի շուկայի վրա:

 

 

ՉԵՆ ԽՈՒՍԱՓԻ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սոցցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ, ցանկացած տեսակի միջամտությունն անթույլատրելի է: «Մարդկանց մոտ հարցեր են ծագում` ասելով, թե այս կամ այն անձին բռնեցին, հետո բաց թողեցին: Արձանագրենք մի բան. հույս ունեմ, որ բոլորդ, առանց որեւէ վերապահման, գիտեք, որ ես այդ բռնելու եւ բաց թողելու հետ որեւէ կապ չունեմ: Դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն: Դա ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություն ազդելու պրոցեսի վրա, այլ կարծում եմ, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա անկախ դատական համակարգ»,-ասել է նա: Վերջում վարչապետը հավելել է, որ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: «Մաղթում եմ, որ Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը եւ միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաեւ լավ նպատակների իրականացմանը: Վստահ եմ, որ Աստանայի եւ Երեւանի՝ բարեկամության եւ ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման»,- ասված է Նազարբաեւի ուղերձում:




Լրահոս