Դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյա մեղադրյալների խափանման միջոցի ընտրության հարցը: Գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ նրա կալանքը երկարաձգելու գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մի քանիսը հրաժարվել էին քննել. մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը, պատճառաբանելով առողջական վիճակը, ետ կանգնել այդ քայլից:
Այն, որ դատավորները տարբեր քրեական գործերով ինքնաբացարկ են հայտնում, դատական համակարգում նորմալ են համարում: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերով դատավորների` մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ հայտնելը դատական համակարգում համարում են վախի հետեւանք: Դատական համակարգում այն կարծիքին են, որ չկա մեկ դատավոր, որը իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի՝ քննիչի, դատախազի հետ ծանոթ չլինի կամ համակուրսեցի չլինի կամ, առհասարակ, որեւէ մեկի հետ խնջույքի մասնակցած չլինի, ուստի այդ կապը չի կարող պատճառ հանդիսանալ, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի:
Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով չէ, որ դատավորները ինքնաբացարկների շարք են սկսել, իրավիճակը նույնն է նաեւ մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դեպքում: Վերջինիս գործը քննելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս գործը քննելու հարցում առաջին ինքնաբացարկը հայտնել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանը իր ամուսնու ընկերն է: Ինչեւէ, գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Վարդան Գրիգորյանին, որը եւս հրաժարվել էր քննել այդ գործը` նշելով, որ ինքը նախկինում եղել է մարտի 1-ի գործով պաշտպան, ուստի չի կարող քննել այդ գործը: Այսքանով ամեն ինչ չի ավարտվել, գործը մակագրվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը եւս հրաժարվել էր քննել Հարությունյանի գործը` նշելով, որ նա իր համակուրսեցին է եղել: Ինչեւէ, դատական համակարգում գտնվել էր ամենահամարձակ դատավորը` ի դեմս Արտուշ Գաբրիելյանի, եւ քննել էր այդ գործը: Հիշեցնենք` Գաբրիելյանը նաեւ «Սասնա ծռերի» գործով դատավորներից էր:
Սերժ Սարգսյանի եղբայրը
Իրավիճակը թեժ է եղել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի գործով: Վերջինիս գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հրաժարվել էր քննել` պատճառաբանելով, որ նրա հետ մտերիմ է եղել: Սակայն դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` չկա մի մարդ, որը Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի հետ մեկ խնջույքի մասնակցած չլինի կամ նրա հետ որեւէ միջոցառման ներկա չլինի, ուստի դատավորի այս ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր չէր:
Դատավորները` իրենց վախի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց դատավորների հետ, թե ինչից կամ ումից են վախենում, որ խուսափում են արդարադատություն իրականացրել:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, դատավորները աղմկահարույց քրեական գործերով ինքնաբացարկներ են հայտնում, Դուք եւս Սերժ Սագսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի դեմ քրեական գործով ինքնաբացարկ եք հայտնել` նշելով, որ մտերիմ եք: Սակայն դատական համակարգում այն կարծիքին են, որ դատավորները խուսափում են ամկահարույց գործով արդարադատություն իրականացնել, վախենում են:
-Բացարձակ ոչ:
-Այսինքն` չե՞ք վախեցել ոչ մեկի քրեական գործը քննելուց:
-Ասում են` օրենքը բարոյական, անբարոյական չի լինում, օրենքը օրենք է, բայց օրենքը իր տրամաբանության մեջ ունի բարոյականություն, ինչը օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով: Եթե մարդը մտերիմ է, առավել եւս, եթե մարդը մտերիմ չէ, բարեկամ չէ, այլ թշնամի է, ի վերջո դատավորն էլ է չէ՞ մարդ, կարող է չէ՞ դաժանություն դրսեւորի, դրա համար ասում են` մնա՛ քո դատավորի մեծության, քո բարձրության վրա, ինքնաբացարկ հայտնի եւ քո անձնական հարցերը մի՛ կարգավորի, լուծի այդկերպ: Որեւէ մեկը չի խուսափում, սա մեր աշխատանքն է, բոլորն էլ կատարում են իրենց աշխատանքը, որեւէ մեկը չի վախենում եւ որեւէ մեկը չի անհանգստացրել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՀԴՄ ՍԱՐՔԻ ԴԵՄ
ՀՀ Վայոց Ձորի մարզի մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պատրաստվում են առաջիկայում բողոքի մեծ ակցիա իրականացնել: Պատճառը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային սարքավորումներն են:
Ինչպես հայտնի է, այս հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Նշենք, որ նախորդ տարեվերջին ՊԵԿ-ը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել, ըստ որի` հարկային վարչարարություն չի իրականացվի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ: Առեւտրականները հիմնականում դժգոհում են այդ սարքավորման բարձր գնից: Ի դեպ, ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 հազար դրամ է, վաճառքի գինը` 160 հազար դրամ: Անգամ որոշ տնտեսվարողներ պնդում են, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է, եւ միաժամանակ դժգոհում են, թե ինչու ՊԵԿ-ը հնարավորություն չի տալիս իրենց ճանապարհներով ձեռք բերել այդ սարքերը: Բայց մյուս կողմից` ՊԵԿ-ը հայտարարել է, որ տնտեսվարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ եւ միանվագ կամ, իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Այդ դեպքում հարկ վճարողների հետ կկնքվի հսկիչ-դրամարկղային մեքենաների գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր:
Բայց եղեգնաձորցի տնտեսվարողներին սա չի գոհացնում: Նրանք վճռական են տրամադրված այս հարցում եւ պատրաստվում են հունվարի 21-ին բողոքի ակցիա անցկացնել Վայոց ձորի մարզպետարանի շենքի առջեւ: Նրանք կառավարությանն առաջարկում են իր վրա վերցնել հաշվիչ մեքենայի գումարի 60%-ը, իսկ 40%-ը վճարի ձեռնարկատերը: Բացի այս, տնտեսվարողները կոչով են հանդես գալիս եւ մարզի ձեռնարկատերերին առաջարկում են հրաժարվել վճարել հաշվիչ մեքենայի ամբողջական գումարը: Ի դեպ, տնտեսվարողները հանդիպել են նաեւ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ, բայց անպտուղ: Հարություն Շահբազյանը, որն ունի մթերքի խանութ, «Ժողովուրդ» օրաթերթին վրդովված պատմեց. «Ասել եմ, ախր, ա՛յ պարոն մարզպետ, պարո՛ն դեպուտատ, մենք 10 հազարից ավել ձայն ենք տվել ձեզ, որ մեզ հուզող հարցերը բարձրացնեք վերեւներում: Ասում է` ես ձեզ ասե՞լ եմ, որ ինձ ձայն տաք: Ես իմ անունով ապառիկ ունեմ եւ մեծ դժվարությամբ եմ կարողանում վարկային պարտավորությունները մարել, ամիս է եղել, երբ չեմ էլ վճարել: Ու սա դեռ ամենը չէ. 1200 դրամ էլ պետք է այդ սարքի սպասարկման համար վճարեմ, իսկ եթե սարքը փչանա, իմ միջոցներով պետք է նորոգեմ: Սպասարկման մեջ դա չի մտնում: Ա~յ քեզ հարկային թեթեւացում: Այսօր (նկատի ունի` երեկ- Ս.Հ.) 4000 դրամի առեւտուր եմ արել, երեկ` 8000-ի: Պետք է մի հրաշք տեղի ունենա, որ մի 15 հազար դրամի առեւտուր անեմ: Էլ չեմ խոսում աշխատողին վարձատրելու, հարկային այլ պարտավորությունների, կուտակային կենսաթոշակի, խանութի էլեկտրաէներգիայի, ջրի վարձերի մասին»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Նախորդ խորհրդարանի լիազորություններն ավարտվեցին, ու ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որին կալանավորելու համաձայնություն ստանալու հարցով դատախազությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, կորցրել է անձեռնմխելիությունը: ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով չքննեց այս հարցը: Բայց հիմա, երբ Հարությունյանն այլեւս պատգամավոր չէ, իրավապահները կարող են կալանավորել սովորական ընթացակարգով՝ դատարանի որոշմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկվա դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել արդեն նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու համար: Չի բացառվում, որ իրավապահները նրան կալանավորելու որոշում կայացնեն եւ արագ անցնեն գործի: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար, թե երբ կներկայացվի միջնորդությունը, որտեղից հայտնել են, որ մոտ օրերս այս մասին տեղեկատվություն կհայտնեն: Ըստ էության, Արամ Հարությունյանը ՀՔԾ-ի եւ մյուս իրավապահների տեսադաշտում է եւ գտնվում է Հայաստանում: Ասել է թե` նա երկրից չի հեռացել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, պատգամավոր ժամանակ փորձել է դիվանագիտական անձնագրով ճողոպրել: Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պատգամավորի մասով պնդել էր` 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար, երբ Հարությունյանը բնապահպանության նախարար էր: 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր:
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել. հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: ArmLur.am-ի տեղեկություններով` այն խոր արմատներ ունի: Լոռիում տարածված լուրերի համաձայն` այս սպանությունը կապ ունի տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքի հետ: Ըստ բնակիչների միջեւ տարածված խոսակցությունների` դեռեւս 2003թ. Լոռու մարզում սպանություն է եղել. մտել էին դոմիկներից մեկը, կրակել 4 անձի վրա, որոնցից մեկը ողջ էր մնացել: Երեկ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ երեկվա սպանվածը այն 4-րդն էր, որը այն ժամանակ ողջ է մնացել: Ի դեպ, ArmLur.am-ին մանրամասներ են հասել, որ սպանվածին կրակել են 3 անգամ եւ կտրել են ականջները: Նշենք, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ, 41-ամյա Գարուշ Մարությանն էր: