Այս կառավարությունը նոր է ձևավորվել, ի՞նչ են ուզում անընդմեջ քարկոծողները. Նիկոլայ Ծատուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս կառավարությունը նոր է ձեւավորվել, ի՞նչ են ուզում անընդմեջ քարկոծողները, թող այս իշխանությունը դեռ նախորդների «խարաբ արած» գործերը շտկի: Հե՞շտ է այդ ամենը կարգավորելը: Քսան տարվա քանդածը երկու ամսում պետք է վերականգնե՞ն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում տեղ գտած այն արձագանքներին, ըստ որոնց` նախորդ իշխանությունից հրաժարվելուց հետո մարդկանց կյանքում ոչ մի զգալի տեղաշարժ չի եղել:

Պարոն Ծատուրյանի համոզմամբ՝ մեր ժողովուրդը շատ է սիրում քննադատել, եւ ով էլ որ նստի երկրի ղեկին, միեւնույն է, քարկոծվելու է. դա արդեն սովորության հարց է:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հեղափոխությունը խժռի իր զավակներին նաեւ Հայաստանի պարագայում, պարոն Ծատուրյանը կատակով պատասխանեց. «Չէ՛, հայերին խժռելն այդքան էլ հեշտ չէ»:

Պարոն Ծատուրյանը նկատեց՝ այսօր նախկին իշխանությունը ոտքի է կանգնել, որովհետեւ նախ` ուզում է ապացուցել, որ ինքը լավն էր, երկրորդ՝ մտադիր է կրկին գալ իշխանության, վերարտադրվել. «Հակառակ դեպքում ընկնելու են նրանց ետեւից եւ ունեցվածքից զրկեն, դատեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, այս իշխանության պարագայում եւս կան մի շարք քայլեր, որոնք պարոն Ծատուրյանի սրտով չեն. «Օրինակ՝ պարգեւավճարների՝ աղմուկ բարձրացրած հարցը… Պետք չէր, որ իրենք իրենց նկատմամբ այդքան շռայլ լինեին, անգամ եթե օրենքը թույլատրում էր: Մարդիկ այս իշխանությունից ակնկալում են արժեքային այլ համակարգ: Բայց գոնե լավ է, որ չեն թաքցնում, բացահայտ ասում են՝ որքան են պարգեւատրել, ինչու… Դեռ հետազոտություններ անցկացնելու եւ համապատասխան ենթադրություններ անելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ այդ ամենը կարվի նախորդների սխալները չկրկնելու համար: Համենայնդեպս, չի կարելի անընդհատ դժգոհել: Հիմա պետք է ազգովի համախմբվենք եւ երկիր կառուցենք, ոչ թե անընդհատ հուսահատվենք»,-եզրափակեց բեմադրիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս