Նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսեւորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջեւ էր: Դեռ խորհրդարանն ամբողջովին չկազմավորված` այս երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները լարվել էին, ԱԺ առաջին իսկ նիստից նրանք սկսեցին միմյանց դեմ մարտնչել: Երեկ էլ, երբ ԼՀԿ-ի պատգամավորներից Ա.Բաբաջանյանը կոշտ քննադատեց դիվանագիտական ոլորտում նախկին իշխանությունների քաղաքականությունը, մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, ԲՀԿ-ականները շտապեցին կոշտ հակադարձել. ի վերջո, Մանուկյանը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի խնամին է, նրա որդին՝ Դավիթն էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Այս խմբակցությունների մի քանի պատգամավորներ սկսեցին միմյանց վրա բղավել, իրար վրա բռունցքներ թափ տալ, բայց ամեն ինչ արագ հանդարտվեց:
Հետո իշխող «իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը հասցրեց իր ելույթով «փայլատակել». նա Հայաստանի անմիջական հարեւան երկրին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ներկայացրեց «ավտորիտար բնույթի պետություն»: Ավելի ուշ Կոնջորյանը ստիպված էր հայտարարելու, որ խոսելիս վրիպակ է թույլ տվել, այդ խոսքերն իրենց խմբակցության տեսակետը չեն: Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ ԱԺ ամբիոնից Իրանի իշխանություններին մեղադրել էր՝ ասելով, թե ««պադստավկա են անում» Հայաստանի իշխանություններին», եւ այս ոճով մի քանի այլ խոսք հնչեցրել: Համաձայնեք` այս ամենն իսկապես տխուր է, շատ տխուր: Հետո էլ պատգամավորները դժգոհում են, որ ասում են՝ նոր խորհրդարանի մեծ մասն անփորձ է:
ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, եւ Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից: Թերեւս սա էր նաեւ պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավականել են կուսակցության Արեւմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թեւի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետեւ չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարեւմտյան տրամադրությունները: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թեւը, լիբանանյան թեւը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ:
Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում: Ավելին` նա ասել էր, թե վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, որը պահեստավորվել է 2019 թ. համար: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ տնտեսումների մասին ԱԺ նախկին ղեկավարությունը հայտարարել է ստիպված: Մինչ այդ Աժ տնտեսումները որեւէ տեղ ամրագրված չեն եղել եւ փաստաթղթերով չեն երեւացել: Նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ-ում զգուշացել են, հասկացել են՝ անհնարին է այդ ամենը «տակով անել», ու ստիպված հայտարարել են տնտեսումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Բաբայանին, որն էլ ասաց. «Տնտեսումների հետ կապված կանոնակարգումները դեռ 2017 թվականի սկզբից ենք իրականացրել: Դեռ 2017-ին մեր աշխատանքները այնպես ենք կազմակերպել, որը 2018-ի համար պիտի լուրջ տնտեսումներ ապահովեր: Այդ ճանապարհով էլ հասել ենք տնտեսումների»:
Թեեւ նոր ԱԺ-ն արդեն չորրորդ օրն է՝ աշխատում է, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը դեռեւս աշխատասենյակ չունեն: Նրանց աշխատասենյակով ապահովելու հարցերն այդպես էլ չեն կարգավորվում։ Ու հիմա այդ պատգամավորները առավոտյան գալիս են, իրենց իրերը թողնում 334 սենյակում, որտեղ հիմնականում լսումներ եւ խմբակցության նիստեր են անցկացվում, եւ հետո միայն մտնում նիստերի դահլիճ։ Սակայն ընդմիջումների ժամանակ կրկին նույն աննախանձելի վիճակն է. պատգամավորներից շատերը, նստելու տեղ չունենալով, դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ, իսկ իրար ծանոթ պատգամավորներն էլ շրջում են միասին։ Իսկ պատգամավորները, որոնց բախտ է վիճակվել ունենալ աշխատասենյակ, դեռ վերջնականապես չեն հաստատվել այնտեղ ու զբաղված են կահավորման հարցերով: Երեկ ամբողջ օրը պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը կրկին սենյակներով տեղավորվելու հարցերով էին զբաղված՝ միջանցքներով իրերն այս ու այն կողմ անելով:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ակտիվությունը շարունակվում է պահպանվել: Ճիշտ է, Հայաստանում 2018թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած այս ամիսների ընթացքում չի անցկացվել ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների ուղիղ հանդիպում (Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը սահմանափակվել են ընդհանուր միջոցառումների ժամանակ շփումներով, որոնց արդյունքում օպերատիվ կապ հաստատելու եւ հրադադարի ռեժիմը պահպանելու պայմանավորվածություն են ձեռք բերել), փոխարենը մի քանի անգամ բանակցային սեղանի շուրջ նստել են ԱԳ նախարարները: Երեկ էլ Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Ավելի ուշ նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ բավական ուշագրավ շեշտադրումներ են առկա: Տեղեկացնելով չորս ժամ տեւած հանդիպման ժամանակ «առավել լայն փոխըմբռնման եւ փոխվստահության հաստատման» նպատակով «մտքերի օգտակար ու կառուցողական փոխանակման» մասին` հայտարարության մեջ նշված է. «Զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»: Միեւնույն ժամանակ, թեեւ նոր հանդիպման ժամկետները դեռ չեն հստակեցվել, սակայն ԱԳ նախարարները համաձայնել են «առաջիկա ամիսներին շարունակելու հետեւողական, նպատակաուղղված շփումները»:
Համատեղ հայտարարության մեջ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին ընդգծումը, թերեւս, պատահական չէ: Ի վերջո, խնդրի կարգավորմանն առաջին հերթին խոչընդոտում է հենց փաստը, որ երկու երկրների իշխանություններն իրենց հասարակություններին չեն նախապատրաստել այդ գործընթացին, ընդհակառակը, Ադրբեջանը տարիներ շարունակ նույնիսկ հայատյացություն է սերմանել: Այնինչ առանց խաղաղության նախապատրաստվելու դժվար է պատկերացնել որեւէ փոխզիջում ցանկացած կողմից:
Մեկ ուշագրավ փաստ էլ. մինչ կավարտվեր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հետաքրքիր դիտարկում է արել. «Կարծում եմ, որ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները: Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերներն ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»,- ասել է նա եւ պնդել, որ Երեւանում ու Բաքվում քաղաքական կամքի առկայության, միջազգային աջակցության դեպքում կարելի է գտնել խնդրին լուծում: