Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ. Սարգիս Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, դերասանը խոսել է իր նախասիրությունների, տարբեր իրավիճակների վերաբերյալ մոտեցումների, իր վախերի եւ էներգիայի աղբյուրների մասին:

-Սարգի՛ս, հե՞շտ եք արթնանում: Ձեզ համարում եք գիշերայի՞ն, թե՞ ցերեկային մարդ:

-Ցերեկային մարդ եմ, բայց այնպես է ստացվել, որ գործի բերումով ուշ եմ պառկում քնելու, հետեւաբար ուշ էլ զարթնում եմ:

-Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց պարբերաբար ասում եք «շնորհակալություն»:

-Կնոջս, երեխաներիս եւ նրանց միջոցով` Աստծուն:

-Ո՞րն է եղել մինչ այժմ Ձեր ստացած ամենաթանկ նվերը բոլոր իմաստներով:

-Մայրիկիս եւ կնոջս՝ Մանոյի նվիրած մատանին երեսունամյակիս կապակցությամբ:

-Կա՞ մի բան, որ կցանկանայիք փոխել Ձեր արտաքինում:

-Ոչ մի բան, պարզապես ափսոսում եմ, որ տարիքի հետ մազերս թափվում են: Կցանկանայի այդ խնդրից հնարավորինս խուսափել:

-Շարունակե՛ք միտքը. «Բոլոր կանանց էլ դուր են գալիս տղամարդիկ, որոնք…»

-Ուժեղ են, պատասխանատու եւ գրպանում կանխիկ գումար ունեն կամ բանկային լավ հաշիվ (ծիծաղում է):

-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը:

-Քաղքենի, երկերեսանի մարդը, որը կփորձի սիրաշահել, ինչպես նաեւ այն մարդը, որ հատուկ կփորձի կիրթ կամ տեղեկացված երեւալ: Լպրծուն տեսակներին տանել չեմ կարողանում:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի ուտեստը, որից երբեք չեք հրաժարվի:

-Տապակած դդմիկը:

-Տվե՛ք մի երկրի անուն, որտեղ կցանկանաք անպայման լինել:

-Իտալիա: Ի դեպ, Հռոմից բացի՝ կցանկանամ լինել նաեւ այլ քաղաքներում, գյուղերում երկրի կոլորիտը, համն ու հոտն ամբողջապես ընկալելու համար:

-Նախընտրում եք լինել ուշադրության կենտրոնո՞ւմ, թե՞ ստվերում:

-Եթե ասեմ՝ ստվերում, սուտ կլինի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր դերասան հոգու խորքում էկրանից այն կողմ էլ ուզում է ուշադրության կենտրոնում լինել: Դա մի բան է, որ նստած է ենթագիտակցության խորքերում:

-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:

-Երկու բանից՝ հայրենիքիս անվտանգությունը եւ ընտանիքիս անդամների առողջությունը վտանգելուց: Հայրենիքս շատ եմ սիրում, եւ սրանք պարզապես խոսքեր չեն: Փորձը ցույց է տվել, որ տասը օրից ավել այլ երկրում չեմ կարողանում մնալ, տեղս չեմ գտնում: Սրանք են այն հարցերը, որոնք մշտապես անհանգստացնում են ինձ, մնացած ամեն բան հաղթահարելի է:

-Ո՞ւմ եք պարտական:

-«Օսկար» ստացողների տեքստերը պետք է կրկնեմ, բայց ասեմ՝ ծնողներիս, ընտանիքիս, Աստծուն:

-Ումի՞ց եք միշտ սովորում ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես դերասան:

-Երեւի ամենաշատը ինքս ինձնից եմ սովորում՝ սեփական սխալների վրա: Անգամ հաճախ թույլ եմ տալիս, որ փոքրիկ սխալներ գործեմ, որպեսզի այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումներս է՛լ ավելի ամրապնդվեն: Մասնագիտական առումով մի քանի դերասան կա, որոնք ինձ համար վարպետության գագաթնակետն են՝ Ռոբերտ դե Նիրո եւ Անդրեյ Միրոնով: Երբեմն ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այս երկուսն ինչ միս ու արյունից են ստեղծված:

-Անպատասխան սերեր ունեցե՞լ եք:

-Այո, իմ առաջին սերն անպատասխան է եղել:

-Զգուշանում եք այն մարդկանցից, որոնք…

-Որոնց աչքերն անընդհատ խաղում են, որոնք չեն կարողանում քո աչքերին նայել: Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չեն անում:

-Ինչի՞ց եք դրական էներգիա ստանում:

-Երբ երեխաներս զանգում են ու ասում են` «պա՞պ», իմ աշխատանքից: Առհասարակ, պոզիտիվ մարդ եմ եւ հաճախ եմ փնտրում դրական էներգիայի աղբյուրներ:

-Ո՞ր դեպքում մուտք կգործեք քաղաքականություն:

-Քաղաքականություն մտնելու վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ: Ես սովորել եմ Սոս Սարգսյանի փորձի վրա…Դերասանը պետք է իր գործով զբաղվի:

-Շարունակե՛ք միտքը՝ «Կանայք ամենաշատը վախենում են…»

-Երեւի ծերանալուց:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է տղամարդկանց «հախից գալու» լավագույն ձեւը:

-Նրանց հնազանդվելը: Առհասարակ, տղամարդիկ սիրում են, որ կանայք «բզբզում են», բնավորութուն են ցույց տալիս, բայց երբ նրանք ինչ-որ բան այն չեն անում, կանայք կարող են լռել: Այդ պարագայում տղամարդն ավելի հեշտ է ընդունում իր սխալը:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Տղամարդկանց «հախից գալու» մասին հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս