ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՀՀԿ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

-Դուք մի քանի ամիս զբաղեցրել եք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, սակայն նախկին նախարար Արտեմ Ասատրյանի մասով կոռուպցիոն բացահայտումներ չեղան։ Ո՞րն է պատճառը, իսկապե՞ս այդքան մաքուր է աշխատել։
-Ես հետախուզական աշխատանքներով չեմ զբաղվել եւ ինչ ինֆորմացիա եմ ունեցել կամ ինչ տեղեկատվություն է ինձ փոխանցվել, ուղղակիորեն ուղարկել եմ իրավապահ մարմիններին։ Դրա մասին գիտեն բոլորը նախարարությունում. դա կլիներ անանուն հաղորդագրություններ կամ անվանական, ամեն բան փոխանցվել է իրավապահ մարմիններին։ Որոշակի խախտմամբ տրված պարգեւավճարներ ես ինքս եմ տեսել, որը նույնպես ուղարկել ենք իրավապահ մարմիններին։
-Ընդհանուր առմամբ գո՞հ եք Ձեր աշխատանքից։
-Ես ունեցել եմ ծանր եւ հետաքրքիր աշխատանք։ Այն միանշանակ կարեւոր աշխատանք էր, քանի որ մեր բնակչության հետ ուղղակիորեն առնչվում է։ Հետեւաբար այդ ոլորտին պետք է դարձնել մեծ ուշադրություն, եւ խորքային խնդիրներ կան, որոնց լուծումը օր առաջ պետք է տրվի։
-Այդ առումով ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում, անուն կնշե՞ք։
-Ես անձ չեմ անվանի, բայց կնշեմ հատկանիշներ. մարդ, որ ճանապարհի կեսից կանգ չի առնի, կիրականացնի ռեֆորմներ։ Պետք է լինել շատ բանիմաց, տիրապետել ոլորտի խորքային նրբությունների։
-Վերադառնանք Ազգային ժողովում Ձեր գործունեությանը։ Ինչպիսի՞ խորհրդարան ունենք եւ ի՞նչ արդյունք եք ակնկալում։
-Ես շատ կցանկանամ, որ այս խորհրդարանը գիտակցի իր վրա դրված առաքելությունն ու պատասխանատվության բարձր աստիճանը՝ ունենալով ժողովրդի վստահություն եւ այս տեսակի լեգիտիմություն, որը պետք է բերի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ, քան կարելի էր սպասել։ Եվ անկախ այն հանգամանքից, որ խորհրդարանն անփորձ է, եւ այստեղ կան բազմաթիվ փորձ չունեցող պատգամավորներ եւ բազմաքանակ է` չպետք է խոչընդոտի, որպեսզի արագ պատգամավորները կարողանան մտնել հունի մեջ եւ հասկանան, որ իրենց ամեն ասված խոսքն այսուհետ ունի ազդեցություն։ Ես կարծում եմ՝ նրանք կգիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը։
-Առաջին նիստի մեկնարկից նկատում ենք, որ առավել շատ ընթանում է հակամարտություն ընդդիմադիր ուժերի միջեւ, այլ ոչ թե հակազդում են իշխող ուժին։ Եվ երեկ էլ արդեն կրքերը խորհրդարանում թեժացան հենց ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի միջեւ։ Ինչո՞ւ է այդպես։
-Երեկվա հնչեցրած բազմաթիվ հարցերը հենց մենք էինք բարձրաձայնում՝ ուղղված իշխող ուժի ներկայացուցիչներին։ Իսկ այդ միջադեպն էլ իրականում քաղաքական տեքստի պատճառով տեղի ունեցած միջադեպ է, որը վատ է, եւ քաղաքական մշակույթ պետք է փոխվի, եւ պատգամավորները կարողանան լսել քննադատություն, հակադարձեն խոսքով, մտքով եւ ելույթ ունենալ խոսելով։ Հին մշակույթը, որը կար նախորդ գումարումներում, չպետք է բերվի նոր Ազգային ժողով։
-Իսկ ի դեմս ԲՀԿ-ի` ինչպիսի՞ ընդդիմություն եք տեսնում։
-Ես ընդհանրապես հակված եմ թույլ տալ` գնահատականները մարդիկ տան։ Ես ունեմ իմ ուրույն կարծիքը եւ կարծում եմ՝ մեր քաղաքացիները կարողանում են գնահատել անցած ուղին, իրավիճակային լուծումները եւ ունենան իրենց կարծիքը։
-Ընդունված է, որ արտախորհրդարանական ուժերը լուսանցքում են գտնվում եւ չեն ակտիվանում։ Դուք տեսնո՞ւմ եք այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցության եզրեր ունեք։
-Բազմաթիվ ուժեր, ովքեր մշտապես ներկայացված են եղել, դուրս են մնացել եւ տարել են պոտենցիալ եւ փորձառություն։ Ես ուրախ կլինեմ, եթե նրանք ցանկություն ունենան ունենալ դերակատարում։ Ես ուրախ կլինեմ, եթե ցանկանան ուժեղացնել իրենց դերակատարումը։ Եթե ընդհանուր եզրեր կան, կարող է լինել համագործակցություն։ Եթե բովանդակային մոտեցում կա, որը համընկնում է մեր մոտեցման հետ, ես համարում եմ իրագործելի։
-Համագործակցություն տեսնում եք նաեւ ՀՀԿ-ի՞ հետ։
-Ես բովանդակության մասին եմ խոսում, ինձ հետաքրքրում է միտքը, բովանդակությունը։ Եթե մեր օրակարգում է, մենք ամեն նմանատիպ, յուրաքանչյուր ուժից ներկայացված, մենք բովանդակային քննարկման պատրաստ ենք։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾԱԴԻՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿ

Խորհրդարանն արդեն երկու օր է՝ քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Եւ այս հարցում օրենսդիրը չի շարժվում գործադիրի տրամաբանությամբ. մինչ կառավարությունը փորձում է կրճատել նախարարությունների թիվը, խորհրդարանում, ընդհակառակը, ավելացնում են մշտական հանձնաժողովների քանակը: Եւ հիմա ԱԺ-ն նախկին 9 հանձնաժողովի փոխարեն ունենալու է 11 հանձնաժողով, ինչն իր հերթին ենթադրում է նաեւ ծախսերի ավելացում։

Ավելացված հանձնաժողովներից մեկը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է, որն ունենալու համար նախկինում պայքարում էր «Ելք» խմբակցությունը, սակայն այն այս անգամ բաժին հասավ ԲՀԿ-ին: Հանձնաժողովի նախագահն էլ կլինի Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ ահա նրա նախկին՝ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը տրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանին։ Նկատենք, որ սա այն դեպքն է, երբ գրեթե ողջ լրատվական դաշտն ուրախ է, որ վերջինս այլեւս Փաշինյանի խոսնակը չէ, սակայն մնում է հասկանալ՝ նա որքանով կկարողանա ղեկավարել այսպիսի կարեւոր հանձնաժողով։ Սակայն նաեւ ընդգծենք, որ այս հանձնաժողովն ամենապարապներից է, եւ այնտեղ ամենաքիչ նախագծերն են գալիս։ Եվ կարծիքներ են հնչում, թե այս հանձնաժողովն իրականում պետք է միացվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրա փոխարեն ավելացել է եւս մեկը: Խոսքը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի մասին է, որը տրվել է Միքայել Մելքումյանին։
Սակայն խորհրդարանում մի քանի հանձնաժողով է միայն, որոնք ամենածանրաբեռնվածն են եւ շատ են օրինագծեր քննարկում։ Դրանցից մեկը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, որը գլխավորելու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Նա այս խմբակցությունում որպես իրավաբան ամենապրոֆեսիոնալներից է համարվում, եւ դրա համար է որոշվել հենց նրան վստահել այս հանձնաժողովը։ Աշխատատար հանձնաժողովներից է նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը տրվում է արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին։ Այս որոշումն այնքան էլ իդեալականներից չէ, քանի որ Ռուբինյանն իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ շատ հարցերում կաղում է. հատկապես դա զգացվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ընթացքում։ Թեեւ չի բացառվում, որ այս իրավիճակում նա իրեն միանգամայն այլկերպ դրսեւորի ու արդարացնի ակնկալիքները:
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի Նարեկ Զեյնալյանը։ Նրա թեկնածության մասին տարընթերցումներ չեն եղել, քանի որ վերջինս այդ ոլորտի մարդ է եւ զբաղվել է առողջապահության հարցերով նաեւ որպես Երեւանի ավագանու անդամ։
Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանին չնեղացնելու եւ առանց պաշտոն չթողնելու համար նրան տվեցին երկար անվանումով մի հանձնաժողով՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։ Եվ անվանման մեջ սփյուռք բառը, կարծես թե, դիտմամբ են ավելացրել։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի դարձյալ Անդրանիկ Քոչարյանը: Նրա թեկնածության շուրջ եւս միասնական մոտեցում է եղել. ի վերջո, Քոչարյանը պաշտպանության փոխնախարար է եղել, նաեւ նա եղել է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարը։ Նման մոտեցում է եղել նաեւ Վարազդատ Կարապետյանի շուրջ. նա կղեկավարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Իսկ Տնտեսական հարցերի հանձնաժողովը կնախագահի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը:
Հետաքրքիրն այն է, որ ամենապատասխանատու հանձնաժողովներից մեկն էլ բաժին է հասել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կնախագահի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, որին առաջադրել էին Աժ փոխնախագահի պաշտոնում:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԻՐԵՆՑ ՏԱՆԸ
Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո: «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում: Մեր հարցին վերջինս հարցով պատասխանեց. «Ե՞ս պիտի տեսնեմ»: Այնուհետեւ Անանյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ես ինձ տեսնում եմ մեր տանը: Մնացածը` ով ոնց կորոշի»:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ տարեվերջին կալանքից ազատվեց, սկսել է ակտիվ կերպով դատական հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ` իր պատվի ու արժանապատվության հետ կապված: Ավելին` նախկին պատգամավորը լրատվամիջոցից գումար է պահանջել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի` պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել լրատվական կայքի ղեկավարության հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն:

 

 

ՊԱՐՏՔԸ ՉԻ ՏԱԼԻՍ
Մինչ իրավապահ համակարգը գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր է հարուցում նախկին պաշտոնյաների դեմ իրենից կաշառք վերցնելու համար, Համբարձումյանին նախկին գործընկերները մեղադրում են պարտքերը չվերադարձնելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Վահան ԵՀԱ» ընկերության նախկին աշխատակիցները` պնդելով, որ ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ չի վճարում աշխատավարձերը: Ընկերությունից պարզաբանեցին, որ առաջիկա օրերին կվճարեն պարտքը: «Վահան ԵՀԱ» ընկերության տնօրեն Արամ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունը` «Լուլիար»-ը, իրենց մոտ 34 մլն դրամ է պարտք, եւ արդեն 6 տարի է, ինչ չի վճարում: «Մեզ ասում է` փող չկա, չունեմ: Մենք էլ չգիտենք, թե ինչպես վարվենք, անգամ դատարան ենք դիմել»,- ասաց Ավետիսյանը: Բայց մյուս կողմից` նկատենք, որ Համբարձումյանին պատկանող «Լուլիար»-ը դեռեւս 2015 թվականին սնանկ է ճանաչվել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Սիլվա Համբարձումյանին, որը հարցին՝ ինչո՞ւ չեք վճարում «Վահան ԵՀԱ»-ի պարտքը, արձագանքեց. «Երբ ընկերությունը սնանկ ճանաչվեց, պարտատերերի ժողով հրավիրվեց, իսկ իրենք չեկան, չհերթագրվեցին»: Նշենք, որ «Վահան ԵՀԱ» ընկերությունը ոչ միայն երկրաբանահետախուզական, այլեւ հորատման աշխատանքներ է իրականացնում:




Լրահոս