ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը հիմնականում Սեյրան Օհանյանին հարցեր է տվել 0038 գաղտնի հրամանի հետ կապված:

Այսպիսով, ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը: Եւ ահա 11 տարի անց Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար: Ինչպես հայտնի է, Սեյրան Օհանյանը հայտարարություն էր տարածել, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքները, որակել այն «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն», «իրավագիտորեն ոչինչ չասող»: Վերջինս նշել էր, որ դեկտեմբերի 20-ին իրեն արգելել են դուրս գալ երկրից` խոչընդոտելով ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին մեղադրանք առաջադրել:
Ու մինչ Սեյրան Օհանյանը դժգոհում է իր շուրջ կատարվող իրադարձություններից, «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից:
Նախաքննական մարմինը` ի դեմս Հատուկ Քննչական ծառայության, բավարարված է Սեյրան Օհանյանի տրված ցուցմունքներից: Ասել է թե` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը , որը 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք օգնել են նախաքննական մարմնին գործի հետագա դրական ընթացքը ապահովելու համար:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեյրան Օհանյանին հիմնականում հարցեր են ուղղել 0038 հրամանի հետ կապված: Ըստ մեզ հասած լուրերի` Օհանյանը մանրամասն բացատրել է, թե ինչ է իրենից ենթադրել 0038 հրամանը եւ ինչպես է այն կազմվել: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` նա քննիչներին բացատրել է, որ 0038 հրամանը իջեցվել է ղեկավարությունից, ինքը կատարել է հրամանի տեխնիկական մասը: Իսկ թե կոնկրետ ումից է իջեցվել հրամանը, Սեյրան Օհանյանը անուններ չի տվել: Ասել է թե` նա բացատրել է հրամանի էությունը, սակայն որեւէ բան չի հայտնել հրամանի կիրառումից եւ այն իրականացումից, քանի որ ի պաշտոնե տեղյակ չի եղել:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործում հայտնվել է միայն 2018 թվականի հուլիսին: 0038 գաղտնի հրամանով` զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին` ժամը 18:00-ից սկսած, պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում` առանձին բաժիններում, պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով: Երեւան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ:
ՀՔԾ պետը հրապարակել էր նաեւ գաղտնի հրամանի 3-րդ կետը, որում մասնավորապես նշվում է հետեւյալը. «ՀՀ ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների եւ առանձին զորամասերի հրամանատարներին` ստեղծե՛լ բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ, հավաքական ստորաբաժանումներ հետեւյալ հաշվարկով` բանակային կորպուսներից 100-ական հոգի: Ստեղծված ստորաբաժանումները կազմակերպե՛լ ըստ դասակների` յուրաքանչյուրը 30 հոգի, եւ ստորաբաժանումները զինե՛լ հրաձգային զենքերով»:
Ի դեպ, նախաքննական մարմինը, ինչպես նկատում ենք, Մարտի 1-ի գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը այս պահին գտնվում է Երեւան Կենտրոն ՔԿՀ-ում, ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խարատուրովը գրավի դիմաց ազատության մեջ է, նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, նաեւ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, կալանավորման «թեկնածուների» շարքում է. նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը: Գլխավոր դատախազությունը նոր բողոք է բերել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ` պահանջելով կալանավորել Գեւորգյանին: Հետախուզում է հայտարարված նաեւ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ. նա էլ մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
Ասել է թե` մարտի 1-ի գործով մեղադրյալներին կալանավորելու ցանկություն կա: Սակայն Սեյրան Օհանյանի նկատմամբ նախաքննական մարմինը այլ դրսեւորում է ցուցաբերել: Մասնավորապես հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, մարտական ուղին, հաշմանդամության կարգ ունենալու հագամանքը` նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունների հետ կապված մեկնաբանության համար դիմեց Սեյրան Օհանյանին, ավելին` հաղորդագրություն ուղարկեց, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում են: Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոցեյը հանդես կգա այս հարցով որպես զեկուցող հունվարի 21-ին: Հանդես կգան նաեւ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

 

 

746 ԵՐԵԽԱՆԵՐ
Ներկայումս Հայաստանի հիվանդանոցներում պնեւմոնիայով 377 հիվանդ կա: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` անցյալ տարվա հունվարի 18-ին այս հիվանդությամբ 254 հիվանդ կար: Նախարարի խոսքով` այս տարի պնեւմոնիայի մեծ տարածումը կարող է պայմանավորված լինել սառը եղանակով։ Ընդհանուր առմամբ, երկրում հոսպիտալացված անձանց թիվը աստիճանաբար նվազում է: Անցյալ տարի հունվարի 16-ին Հայաստանի հիվանդանոցներում 712 հոսպիտալացված մարդ կար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 799, որոնցից 746-ը երեխաներ են: Նախարարը նշել է, որ վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը, գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված շտապ օգնության կանչերի եւ պոլիկլինիկաներ դիմողների թիվը նույնպես նվազում է:

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Երեկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական երեխա. նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի եւ ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): «6 ամսական երեխան` բնակվող ք. Աշտարակ, հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունք: Հիվանդությունը սկսվել է բարձր ջերմությունով, այնուհետեւ առաջացել է խիստ ընդհանուր թուլություն: Ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա է եղել բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը եւ ռեֆլեքսները վերջույթներում բացակայել են: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ. հայտնաբերվել է գլխուղեղի եւ ողնուղեղի բորբոքում: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, եւ հիվանդը մահացել է»,-հայտնել են բկ-ից:

 

 

«ԸՆՏԻՐ»
Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր` Նարեկ Սարգսյանի հետ. այս մասին հայտնել է Հայկ Սարգսյանը: Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում եղբայրը, Հ. Սարգսյանը կտրուկ պատասխանել է. «Ընտիր»: Իսկ թե նա ինչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանել է. «Ոչ մի»: Հիշեցնենք, որ երեկ դատարանում պետք է քննվեր Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործը, նիստը, սակայն, հետաձգվել է մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաեւ ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված յուրացումների վերաբերյալ, պարզվել է մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 միլիոն 853 հազար դրամը:

 

 

ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ
Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Հավանական թեկնածուների ցանկում շրջանառվում են հիմնականում երկու անձանց անուններ. նրանցից մեկը «Արձագանք» խմբի երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանն է, իսկ մյուսը՝ ՄՀՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը: Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանի պայմանագրի ժամկետը լրացել էր նախորդ տարվա հունիս ամսին, այնուհետեւ երկարացվել էր մինչեւ դեկտեմբերի 1-ը: Դեկտեմբերի 1-ից հետո նրա հետ պայմանագիրը Պետգույքի կառավարման վարչությունը չի երկարաձգել:

 

 

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նոր աշխատանքի է անցել: Նախկին փոխվարչապետը նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան:




Լրահոս